Շերը պաշտպանել է իր սեռափոխված զավակին բլոգերների հարձակումներից

19:04 • 04.09.11

Երգչուհի Շերը «նեղճակատ տհաս» է անվանել բոլոր նրանց, ովքեր քննադատում են սեռափոխված իր դստեր մասնակցությունը «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի ամերիկյան տարբերակին:

Շերի` 1969 թվականին ծնված դուստրը` Չասթիթի Բոնոն, անցյալ տարի վիրահատական միջամտությամբ փոխել է իր սեռը և դարձել տղամարդ` Չազ Բոնո անունով:

Պաշտպանելով իր զավակին` Շերն ասել է, որ ոչ բոլորն ունեն բավականաչափ խիզախություն նման իրավիճակում միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջև սովորել պարահանդեսային պարեր կատարել:

Twitter-ի իր միկրոբլոգում Շերը գրել է, որ «Չազի վրա են թափվում բլոգներից և ինտերնետ ֆորումներից քինոտ հարձակումներ», որովհետև նա մասնակցում է պարային նախագծում:

Երգչուհին կոչ է արել հաղորդման երկրպագուներին այլ կայքերում հաղորդագրություններ թողնել ի պաշտպանություն իր զավակի:Նա նաև վստահություն է հայտնել, որ հեռուստադիտողների մեծ մասը կսիրի Չազին:

Բոնոն իր մոր խոսքերին Twitter-ում պատասխանել է հետևյալ հաղորդագրությամբ. «Շնորհակալություն աջակցության համար, մայրիկ: Ատողներն ընդամենը դրդում են ինձ ավելի ջանասիրաբար աշխատել` հաղորդմանը որքան հնարավոր է երկար մասնակցելու համար»:

«Պարեր աստղերի հետ» նախագծի նոր շրջանը ամերիկյան հեռուստատեսությամբ կմեկնարկի սեպտեմբերի 19-ին:
Նշենք, որ 42-ամյա տրանսսեքսուալը դարձավ ինտերնետում ծաղրանքի ու վիրավորանքների թիրախ այն բանից հետո, երբ երկուշաբթի հայտարարվեց, որ նա մասնակցելու է նախագծին:

Ոմանք հայտարարեցին, որ հրաժարվում են դիտել հեռուստաշոուն, ոմանք էլ կոչ արեցին բոյկոտել այն:

Իսկ «Ընդդեմ զրպարտության գեյերի և լեսբուհիների միություն» կազմակերպությունը ողջունեց հեռուստաընկերության որոշումը` անվանելով Բոնոյին «փրայմ թայմի առաջին տրանսսեքսուալ»: