Հենց այդ «չկա»-ի արդյունքն է, որ Անժելա Սարգսյանի հետ նման բան է պատահել. Էմմա Պետրոսյան

20:56 • 05.09.11

«Շոուբիզնեսի ներկայացուցիչների անձնական կյանքը ոչ պաշտպանված է, ոչ էլ երաշխավորված»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը՝ նշելով, թե ամեն մարդ ինքն է պաշտպանում իր անձնական կյանքը: «Եթե կարող ես կողքդ թիկնապահներ կանգնեցնել, լավ, եթե չէ, անձնական կյանդ պաշտպանված չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս սկանդալի կենտրոնում է հայտնվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի Լիլիթի դերակատար Անժելա Սարգսյանը: Նրա անձնական բնույթի բաց լուսանկարները հայտնվել են համացանցում, ինչի պատճառով, ըստ որոշ խոսակցությունների, նրան հեռացրել են սերիալում նկարահանումներից:

Էմմա Պետրոսյանը կարծում է, որ լավ կլիներ՝ ինտերնետային շուկայում ցենզուրա լիներ, որ ամեն մեկը չկարողանա մտքին եկածն անի: «Այսօր որքան էլ ազատ շուկա է, բայց դա դեռ չի նշանակում, որ ով ինչ ուզենա, պետք է անի»,- ասաց երգչուհին:

«Լավ կլիներ, որ լիներ մեկը, որին մենք կկարողանայինք նման դեպքերում դիմել պաշտպանության համար, բայց, ցավոք, չկա, ու հենց այդ «չկա»-ի արդյունքն է, որ Անժելա Սարգսյանի հետ նման բան է պատահել»,- հայտարարեց երգչուհին:

Լուսանկարը՝ Youth.am-ի