Ավելին, քան ռոք աստղ. Ֆրեդի Մերկուրին կդառնար 65 տարեկան

13:31 • 05.09.11

Ռոք երաժշտության համաշխարհային աստղերը երկուշաբթի կհավաքվեն բարեգործական աճուրդի՝ ի հիշատակ բրիտանական Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի, որն այսօր կդառնար 65 տարեկան։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», աճուրդը կկայանա Լոնդոնի կենտրոնում՝ Savoy հյուրանոցում։ Միջոցառմանը ներկա կլինեն Մերկուրիի շուրջ 300 ընկերներ և երկրպագուներ։

Հյուրերի թվում կլինեն Queen խմբի երաժիշտներ Ռոջեր Թեյլորը և Բրայան Մեյը, դերասաններ Քրիս Էվանսը, Սթիվեն Ֆրայը և Մեթ Լուկասը։ Երեկույթը խոստանում է դառնալ երգչի «նմանակների» շքերթ, քանի որ հրավիրվածներին խնդրել են հագնվել Մերկուրիի ոճով։

Դերասան Ռիզ Թոմասը հատուկ աճուրդի համար ձայնագրել է տեսահոլովակ, որում ևս մեկ անգամ հիշեցնում է բրիտանացի երաժշտի տաղանդի և հումորի զգացումի մասին։

«Մենք ցանկանում էինք ցույց տալ Ֆրեդիի կյանքի լավագույն պահերը, նրա հումորը... Կյանքի ընթացքում Ֆրեդի Queen-ը այնպիսի մեծ ճանաչում չի ունեցել երաժիշտ-գործընկերների շրջանում, չնայած հանրության շրջանում ունեցած հաջողություններին։ Սակայն Ֆրեդին ավելին է, քան ռոք աստղը։ Ջագերը և Բոուին չէին կարող ձեզ զվարճացնլ այնպես, ինչպես նա։ Նա ֆանտաստիկ կերպար է և բոլոր ժամանակների լավագույն ռոք աստղը»,- ասել է Թոմասը։

Բարեգործական երեկույթից ստացված եկամուտը կտրվի Mercury Phoenix Trust ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հիմնադրամին, որը ստեղծվել է 1992թ. Queen խմբի անդամների կողմից։