Ջիվան Գասպարյան կրտսերը պատրաստվում է նոր ձայնասկավառակ ու տեսահոլովակ նկարահանել (տեսանյութ)
65 տարի բեմական գործունեություն ծավալած, բազմաթիվ պատվավոր մրցանակների արժանացած դուդուկահար Ջիվան Գասպարյանը վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ հեռանում է Մեծ բեմից և պարտաստվում է զբաղվել հասարակական գործունեությամբ:
Սակայն կարճ ժամանակ անց Ուզբեկստանում կայացած միջազգային ութերորդ երաժշտական փառատոնի ժամանակ հայկական դուդուկի հնչյունները նորից լցրեցին դահլիճը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակի արժանացավ Ջիվան Գասպարյանը: Այս անգամ, սակայն, օրվա հերոսը վարպետի թոռն էր: Հեղինակավոր մրցանակը երիտասարդ դուդուկահարի առաջին լուրջ ձեռքբերումն է: 30 երկիր ներկայացնող 52 մասնակցներից լավագույնը ճանաչվելը Ջիվան Գասպարյանը անսպասելի ձեռքբերում չի համարում։ Ըստ նրա՝ դա իր տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե զուտ անվան համար տված մրցանակ:
Երիտասարդ դուդուկահարը այսուհետև կապրի ու կստեղծագործի Հայաստանում: Այժմ նա պատրաստվում է նոր ձայնասկավառակ ու տեսահոլովակ նկարահանել, որից հետո, նրա կարծիքով, իրեն արդեն կճանաչեն որպես Ջիվան Գասպարյան, այլ ոչ՝ որպես Ջիվան Գասպարյանի թոռ:










