Եվս 3 մրցանակ «Սահման» ֆիլմին
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի է ունեցել Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուր ամեն տարի անց է կացվում Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ և Բալթիայի երկրները, ինչպես նաև Վրաստանը: Հայաստանից այս տարի Ֆորումին էր ներկայացված Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որն արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների և շահել մեկ տասնյակից ավել մրցանակներ: Այս անգամ ևս ֆիլմը արժանացել է երկու մրցանակի և մեկ դիպլոմի: Ֆորումի ժյուրին` անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտովի գլխավորությամբ ֆիլմին շնորհել է Հատուկ մրցանակ: Իր մրցանակը «Սահման» ֆիլմին է հանձնել նաև Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի «Ազգությունների տունը» ֆիլմին շնորհել է դիպլոմ` «Ազգերի միջև մշակութային երկխոսության և փոխըմբռնման գործում ներդրման համար»:










