ՀՀ անկախության տոնի առթիվ կմրցեն երիտասարդական երգչախմբերը
Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Մրցանակաբաշխություն 2011»-ին այս տարի առաջին անգամ կմասնակցեն նաև երիտասարդական երգչախմբերը:
Երիտասարդական երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը: Մասնակցության հայտ ներկայացրած պրոֆեսիոնալ և սիրողական երգչախմբերի անդամների միջին տարիքը չպետք է գերազանցի 35-ը: Ժյուրիին ներկայանալու համար երգչախմբերը կունենան 20 րոպե, որի ընթացքում պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի խմբերգերից և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: Փառատոն-մրցույթի գալա համերգն ու մրցանակների հանձնումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:Մրցույթ -փառատոնին կարող են մասնակցել սիրողական և պրոֆեսիոնալ երգչախմբեր Երևանից և մարզերից: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքերով փառատոնի հանդեպ հետքրքրությունը գնալով ավելանում է:
Փառատոնի երեք հաղթողները կստանան 600.000-ական դրամական պարգև և դիպլոմներ:Նախատեսված է նաև 200.000 ական դրամի չափով երեք խրախուսական մրցանակ: «Անգամ փոքրիկ խրախուսական մրցանակը կարող է խթան հանդիսանալ երիտասարդների համար Հայաստանում մնալու ու ստեղծագործելու համար»,- նշել է Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Աղայանը:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության և Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ամենամայա մրցանակաբաշխությունը յոթ տարի շարունակ անդրադառնում էր մշակույթի ամենատարբեր ոլորտներին: Այդ շրջանակներում ինքնաարտահայտվելու հնարավորություն ու դրամական խոշոր պարգևների են արժանացել երիտասարդ նկարիչներ, գրողներ, երաժիշտներ:










