Հայկական ֆիլմերը անիմացիոն ֆիլմերի միջազգային մրցույթ-փառատոնում
Սեպտեմբերի 14-19-ը «Ռեանիմանիա» երաևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը կմեկնարկի երրորդ անգամ: 40 երկրից ստացված 320 հայտադիմումներից ժյուրին արդեն ընտրել և հանդիսատեսին կներկայացնի վեց լիամետրաժ և 120 կարճամետրաժ ֆիլմ:
Հայաստանից փառատոնին մասնակցելու համար ներկայացված տասը հայտից ընտրվել են չորսը, որոնք, ըստ կազմակերպիչների, ոչնչով չեն զիջում արտասահմանյան անիմացիոն ֆիլմերին: :«20-ամյա անիմացիա» արտամրցույթային առանձին ծրագրում կներկայացվեն նաև Հայաստանում անկախության 20 տարիներին նկարահանված անիմացիոն ֆիլմերը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու նաև առաջին հայկական լիամետրաժ «Խավարասեր» անիմացիոն ֆիլմը:
Փառատոնի վերջին օրերին կկազամակերպվեն վարպետության դասընթացներ անիմատորների համար: Առաջին անգամ Հայաստանում վարպետության դաս կանցկացվի Յոշիհարու Աշինոյի կողմից: Փառատոնի կազմակերպիչ Վրեժ Քասունին նշել է, որ այս տարի անակնկալաները շատ են լինելու: Փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցույթային և հատուկ ծրագրեր, պրեմիերաներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:
Գները մատչելի կլինեն հավատացնում են կազմակերպիչները. բոլոր ֆիլմերը հնարավոր կլինի դիտել 300-500 դրամով: Բացի Նաիրի և Մոսկվա կինոթատրոններից, փառատոնի շրջանակներում կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ` սիրահարների այգում։










