Դիանա Քալաշովան գերել է Չեխիայի «Թաքնված տաղանդ» շոուի ժյուրիին (տեսանյութ)

11:40 • 07.09.11

«Չեխիայի և Սլովակիայի թաքնված տաղանդներ» հեռուստաշոուի առաջին փուլում փայլուն է հանդես եկել իննամյա Դիանա Քալաշովան։ Նա անցել է հաջորդ փուլ և ժյուրիի նախագահ, հայտնի չեխ երգչուհի Լուցիե Բիլայից ստացել հիացական գնահատականներ:

Ինչպես հայտնում է «Օրեր» ամսագիրը, փոքրիկ Դիանան, ով իր ելույթի ավարտին բեմ է հրավիրել նաև ծնողներին, իր ձայնով զարմացրել ու գերել է բոլորին: Ժյուրիի անդամները և հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է հայազգի փոքրիկ երգչուհուն: Նա անգլերենով կատարել է Ջենիֆեր Ռաշի The Power of Love («Սիրո ուժը») երգը: Դիանան չեխերենով պատասխանելով ժյուրիի անդամների հարցերին՝ նշել է, որ ինքը ծագումով Հայաստանից է և դպրոցում սովորում է միայն բարձր գնահատականներով:

Լուցիե Բիլան բարձրացել է բեմ, կանգնել երգչուհու կողքին և համբուրելով նրան ասել, որ թե նախկինում, թե հիմա և թե ապագայում դժվար թե իրենց շոուն նման տաղանդ տեսնի և ինքը երջանիկ է, որ նրա առաջին ելույթին ներկա է: Երգչուհին նաև առաջարկել է Դիանային ապագայում իր հետ երգել և նրանից ստացել դրական պատասխան:

Դիանա Քալաշովայի ելույթը՝ այստեղ։