Մեր երիտասարդ երաժիշտներն էլ նույնպիսի աջակցության կարիք ունեն, ինչպես սպորտսմենները. Արամ Սաթյան

16:56 • 08.09.11

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի թատրոնում սեպտեմբերի 14-ին հայ երգարվեստի սիրված կատարողները կներկայացնեն կոմպոզիտոր Արամ Սաթյանի բոլոր տարիների ստեղծագործությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմպոզիտորը պատմեց, որ 1997 թվականին իր վերջին համերգից հետո որոշել էր այսպիսի համերգներ կազմակերպել ամեն տասը տարին մեկ անգամ, սակայն նրա խոսքերով Հայաստանում համերգ կազմակերպելը թանկ հաճույք է և միայն այս տարի մշակույթի նախարարության աջակցությամբ հնարավոր եղավ կազմակերպել նման համերգ:

Համերգային ծրագրի առաջին մասում հայ էստրադայի ճանաչված կատարողները կկատարեն Արամ Սաթյանի ճանաչված ու սիրված ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասում անակնկալ է սպասվում դասական երաժշտության սիրահարներին: Նրանք հնարավորություն կունենան լսելու հատվածներ կոմպոզիտորի վերջին տարիներին գրած փոփ օպերաներից: Երգչուհի Սյուզան Մարգարյանը համերգի ժամանակ կկատարի «Սերս անցավ» երգի նորացված տարբերակը: «Արամ Սաթյանի երաժշտությունը ինձ համար ժամանակ չի ճանաչում: Նա միշտ պահանջարկ ունի և երիտասարդների, և՛ մեծահասակների համար, և պատահական չէ, որ վերջերս ես վերաձայնագրեցի այդ երգը և այն գլխավորեց իմ նոր ալբոմը»,- ասաց երգչուհին:

Խոսելով երիտասարդ սերնդի մասին՝ Արամ Սաթյանը նշեց, որ մենք հրաշալի կատարողներ ունենք, որոնց, սակայն ճանաչում են ավելի շատ արտասահմանում, քան Հայաստանում: «Երիտասարդները ունեն և ճաշակ, և կատարման բարձր մակարդակ: Ցավալին այն է, որ նրանք ավելի շատ ճանաչում ունեն արտասահմանում, քան հայրենիքում: Հաճախ նրանց հրավիրում են հեղինակավոր մրցույթների, որտեղ առաջին կամ երկրորդ տեղն են զբաղեցնում, իսկ մենք անգամ տեղյակ չենք լինում այդ մասին: Արվեստագետը կամաց-կամաց է զարգանում, և մեր երտասարդ երաժիշտներն էլ նույնպիսի աջակցության կարիք ունեն, ինչպես սպորտսմենները: Մեր երիտասարդներին ստեղծագործելու դաշտ տվեք, և նրանք իրենց ցույց կտան»,- ասաց կոմպոզիտորը: