«Արևորդի» էկոակումբի ֆիլմը գերմանական փառատոնում հաղթող է ճանաչվել (տեսանյութ)
Գերմանական NaturVision (Բնության Տեսլական) փառատոնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի /FPWC/ «Ես համաձայն չեմ» ֆիլմն արժանացել է մրցանակի: Ամենամյա փառատոնն արդեն տասը տարի է, ինչ անցկացվում է Բավարիայի անտառների շրջանում գտնվող Նոյշյոնաու (Neuschönau) փոքրիկ քաղաքում:
«Արևորդի» էկոակումբի պատանի սաներ Աննա Պետրոսյանի, Բերտա Մարտիրոսյանի, Սոֆա Պապյանի, Սիրարփի Չիբուխչյանի, Մարիամ Ավագյանի, Տիգրան Սիմոնյանի, Անահիտ Սարոյանի, Անուշ Մկրտչյանի, Ջուլիետա Սաֆարյանի, Էլինա Ալավերդյանի կողմից նկարահանված թափառող շների խնդրի մասին պատմող ֆիլմը ներկայացրել էին «Նորեկների և սիրողականների մրցանակ» անվանակարգում:
NaturVision-ի ժյուրին այս անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհել. ներկայացված ֆիլմերից և ոչ մեկը չի համապատասխանել բարձր որակի պահանջի չափանիշներին: Սակայն, նրանք շնորհել են երկրորդ մրցանակ և այն առանց որևէ քննարկման հանձնվել է «Արևորդի» էկոակումբի սաների կողմից նկարահանված «Ես համաձայն չեմ» ֆիլմին:
Միջազգային ժյուրիի անդամներն արձանագրել են, որ ֆիլմը տպավորիչ կերպով անդրադառնում է Երևանում թափառող շների խնդրին: Մրցանակի շնորհման իրենց հայտարարության մեջ նրանք նշում են. «Հայաստանի պատանիների կողմից պատրաստված մի հուզիչ ֆիլմ է սա: Այնքան իրատեսական, որ նայելիս ցավ ես զգում: Ֆիլմը Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում թափառող շների ճակատագրի մասին է` առանց որևէ մեկնաբանության և առանց հատուկ կինոէֆեկտների գործածության»:
Պատնի «ֆիլմարտադրողներին» փառատոնը շնորհել է ոչ միայն վկայագիր և փառատոնը խորհրդանշող փայտե քանդակ, այլ նաև լրացուցիչ շատ օգտակար նվեր` պրոֆեսիոնալ մոնտաժման նորագույն ծրագիր, որը նրանց կօգնի ապագայում էլ ավելի լավ ֆիլմեր պատրաստել:
«Ես համաձայն չեմ» ֆիլմն այս տարի կմասնակցի նաև հոկտեմբերին կայանալիք «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին: Ֆիլմը կարելի է դիտել այստեղ:










