«ՌեԱնիմանիան» տարածաշրջանային մշակութային համագործակցության ուրվագիծն արդեն ունի

15:14 • 09.09.11

 Սեպտեմբերի 14-19-ը Երևանը «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում կհյուրընկալի անիմացիայի ոլորտում հանրահայտ 17 մասնագետների։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն մրցութային և հատուկ ծրագրեր, պրեմիերաներ, սեմինարներ, ցուցահանդեսներ։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Ռեա» թիմի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասսունին, սա «ՌեԱնիմանիա» 3-րդ փառատոնն է, և այն ուղղված է անիմացիայի ոլորտում տարածաշրջանային համագործակցություն հաստատելուն։ «Սկիզբը եղավ միջազգայինից կենտրոնացում դեպի Երևան, երկրորդը՝ Երևանից միջազգային, հիմա կրկին տարածաշրջանից միջազգային՝ արդեն հստակ ծրագրերով։ Բազարի պես բան անելու նպատակ չունենք. որ ամեն մարդ մասնակցի, ուրախանա, ուտուշ-խմուշ, ու գնան։ Շատ լուրջ ծրագիր կա սկսել հարևան երկրների հետ համագործակցել»,- ասաց նա՝ նշելով որ իրատեսական չէ համագործակցել Հոլիվուդի հետ, բայց տարածաշրջանում ոչ մի գործընկեր չունենալ։

Այս փառատոնի շրջանակում երեք օր համատեղ աշխատելու են երեք թուրք և երեք հայ անիմատոր-պրոդյուսեր-ռեժիսորներ։ «Այդ երեք օրերը մեր մշտական հյուր և խորհրդի նախագահ Մաքս Հաուորդի գլխավորությամբ փորձ կարվի գտնել եզրեր համագործակցելու։ Անիմացիոն գետնի վրա մենք իրար ծանոթ չենք։ Ասենք, մենք գիտենք, որ Երևանն ավելի շատ սթուդիոներ ունի, բայց իրենք ավելի զինված են տեխնիկապես և ավելի եվրոպական արտադրության մոտեցրել են իրենց գործերը, բայց ավելի շատ կենտրոնացել են գովազդների վրա»,- ասաց նա։

Վրեժ Քասսունին նշեց, որ արդեն կան համագործակցության զարգացման ուրվագծերը, իսկ միմյանց հետ աշխատելու բնածին ներքին կոնֆլիկտը միմյանց ճանաչելու արդյունքում էապես կարող է հարթվել։

«Քանի դեռ Հալեպում էի ապրում, լավ տիրապետում էի և հայերենին և թրքերենին, բայց տանը երբեք թրքերեն չէի խոսում։ Տուն ես որ մտնում էի, ընդհանրապես թրքերեն չէին խոսում, գիտեին, որ Վրեժը չի սիրում։ Իսկ երբ Հայաստան եկա, հանգստացա. իմ ներքին կոնֆլիկտ-կոմպլեքսը հետ մղվեց։ Հիմա որ Թուրքիա եմ զանգում, անիմատորների հետ թրքերեն խոսում, զարմանում են, որ հայերը ավելի շատ թրքերեն գիտեն, իսկ իրենք հայերեն երբեք չգիտեն»,- նշեց Քասսունին։

Ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզման տարիներին իրենք ընկերներով նախատեսում էին, որ թուրքերի հետ գիտնական-արվեստագետների մակարդակով համագործակցությունը կսկսվի 20 տարուց, ինչն էլ արդեն իրականություն է։ «Իսկ ե՞րբ համագործակցության պատրաստ կլինի թուրք հասարակությունը» հարցին ի պատասխան՝ Քասսունին ասաց. «Կանխատեսում եմ, որ մի տասը տարուց»։