Մարդկանց դժբախտության պատճառը սերիալների բացասական մեսիջներն են
Սերիալը հեռուստատեսային անհրաժեշտ ժանրերից է, և ճիշտ չի լինի այն լրիվ հանել եթերից։ Ուղղակի հարցն այն է, որ Հայաստանում այն ճիշտ հիմքերի վրա դրված չէ, և այդ գործով զբաղվում են ոչ պրոֆեսիոնալները: Նման տեսակետ այսօր հայտնեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: «Ես նոր մարդ չլինելով այս ասպարեզում՝ սերիալներից որևիցե մեկի ռեժիսորին կամ սցենարիստին չեմ ճանաչում: Այս գործը մեզանում վստահվել է ոչ պրոֆեսիոնալներին, որոնք էլ աշխատում են այնպես, ինչպես կարողանում են: Արդյունքում եփված «ճաշը» ստիպված են լինում ուտել հեռուստադիտողները, որոնք էլ արդեն սովորել են ամեն օր մատուցվող ծիծաղելի անուններով սերիալներին ու դրա պահանջն ունեն: Ես մի օր տեսա, թե ով էր սերիալի ռեժիսորը և ինչպես ու ինչ խնդիրներ էր նա տալիս իր դերասաններին ու ծիծաղից մեռա: Ափսոս մոտս տեսախցիկ չկար, թե չէ ինտերնետում այդ նյութը շատերին կծիծաղեցներ»,- պատմեց ռեժիսորը:
Հրավիրելով ներկա լինել իրենց նոր թատերաշրջանին, որն այս տարի ևս կանցկացվի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ կենցաղային հոգսերի մեջ գլխովին թաղված մարդիկ կարիք ունեն նոր զգացողությունների ու կենցաղից վեր խնդիրների: «Թե չէ մարդիկ իրենց տան ու երեխաների հոգսերը հոգալուց հետո նստում են հանգստանալու և շարունակում են ապրել արդեն ուրիշի հոգսերով: Մարդը էկրանից պիտի տեսնի այն, ինչ չկա իր կյանքում, մի քիչ առնչվի գեղեցիկի հետ, որ այդ գեղեցիկն էլ իր կյանք մտնի: Եթե ասում են՝ կապեք ամրագոտիները ձեր կյանքը չվտանգելու համար, ապա հեռուստատեսությունից էլ պիտի բացառենք ռաբիսը մեր հոգեկան ներդաշնակությունը վերականգնելու համար»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա պարահոգեբան, էքստրասենս Ռուբեն Բաբայանի կարծիքով էլ՝ հեռուստացույցի առջև նստած մարդը ակամայից դառնում է կրողը սերիալներից փոխանցվող բացասական էներգետիկայի: Ըստ նրա՝ անգամ սերիալների վերնագրերը իրենց մեջ բացասական մեսիջ են կրում, մարդիկ ստանում են այդ անտեսանելի մեսիջը և հետո զարմանում, թե ինչու են իրենց կյանքում անհասկանալի դժբախտություններ կատարվում: «Մարդու վրա կարող է ազդել անգամ մի բառը: Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, սկսում է կառավարվել այլ ուժերի կողմից: Եթերը այս առումով կարելի է համամատել ամենաուժեղ հիպնոսի հետ: Սերիալից հնչած խոսքը կարող է ներթափանցել ուղեղ և մարդուն թվա, թե ինքն է այդպես մտածում, ինքն է այդպես ապրում: Սա զոմբի դառնալու ամենահեշտ տարբերակն է»,- ասաց հոգեբանը։










