Սեզարիա Էվորան այս անգամ էլ անհասանելի կլինի սովորական հայերին

14:26 • 12.09.11

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի, «Գրեմմի» մրցանակակիր Սեզարիա Էվորան սեպտեմբերի 29-ին կերգի օպերայի և բալետի թատրոնում, սակայն համերգի կազմակերպիչ «Խրոնոգրաֆ» խանութների ցանցի հաճախորդներից ու անձնակազմից բացի շատ քիչ երջանիկներ կկարողանան օգտվել այդ բացառիկ հնարավորությունից ու ներկա գտնվել «Բոկոտն թագուհու» համերգին:

Tert.am-ի հետ զրուցում «Խրանոգրաֆ» խանութների ցանցի տնօրենի օգնական Անուշ Ղարիբյանը նշեց, որ համերգը նախատեսված է իրենց հաճախորդների համար և հանդիսատեսի 90 տոկոսը ուղղակի հրավիրատոմս է ստացել: «Շատ քիչ տոմսեր ենք վաճառել և դրանից առանձնապես շահույթ չենք ակնկալել: Համերգը կհաջորդի մեր խանութում կազմակերպված շվեցարական ժամացույցների ցուցադրությանը, որից հետո մենք մեր հաճախորդներին բացառիկ հնարավորություն կընձեռնենք ներկա լինել այդ համերգին»,- ասաց նա:

Սեզարիա Էվրորայի երևանյան երկրորդ համերգը կկայանա նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի աջակցությամբ: Փորձեցինք զրուցել նաև փառատոնի կազմակերչների հետ և պարզել, թե ինչու միայն ընտրյալները կկարողանան ներկա գտնվել համերգին: «Մեր փառատոնը դասական երաժշտության հետ է առնչվում և մենք հազիվ կարողանում ենք դասական երաժշտության ընտրյալներին հրավիրել Հայաստան, սակայն եթե մեզ դիմում են կոմերցիոն կազմակերպություններ և խնդրում մեր կապերը օգտագործել` աշխարհահռչակ որևէ աստղի իրենց ֆինանսավորմամբ Հայաստան հրավիրել, մենք միայն ուրախանում ենք ու փորձում հնարավորության սահմաններում աջակցել: Այսպիսի համագործակցությունների արդյունքում շատ աշխարհառչակ աստղերի այցելություն ենք ապահովել: Կարծում եմ` Սեզարիայի այցը Հայաստան, եթե անգամ համերգին 2000 հրավիրվածներ են միայն մասնակցում, մեծ ձեռքբերում է մեզ համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Նա հավելեց նաև, որ շատ ուրախ կլինեն երկրորդ անգամ ավելի շատ համերգներով Հայաստան հրավիրել երգչուհուն, եթե ինչ որ գործարար որոշի նորից ֆինանսավորել:

Նշենք, որ փոքրաթիվ տոմսերը, որ վաճառվել են, բավական մատչելի են եղել. 5000 -15000 դրամանոց տոմսերը սպառվել են երկու ժամվա ընթացքում: Ավելի ուշ 30-35000 դրամանոց հաշված տոմսերը նույնպես շատ արագ սպառվել են: