Ինչպես բանաստեղծ ու նկարիչ են ծնվում, այնպես էլ մոլագար են ծնվում. դրամատուրգ
Ընտանեկան բռնությունները միշտ էլ եղել են, պարզապես նախկինում այդ թեման ավելի քողարկված է եղել, իսկ այսօր այն ավելի բաց է, ավելի շատ են խոսում ընտանեկան բռնությունների մասին: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ խոսելով ընտանեկան բռնությունների մասին:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը համաձայնեց այս տեսակետին։ Նա համոզված է, որ ինչպես ծնվում են նկարիչ կամ բանաստեղծ, այնպես էլ ծնվում են որպես մոլագար. «Նրանց մեջ ինչ-որ գեն խախտվում է։ Բայց այն հասարակությունը, որն ավելի բարեկեցիկ է, մարդը որքան կայանում է, այնքան նրա ինքնասպանության կամ սպանության դիմելու հավանականությունն ավելի քիչ է»,- ասաց նա:
Խուդոյանի համոզմամբ՝ խնդրի շուրջ անելիք ունեն բռնությունների կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները, մեդիան, որը հսկայական ազդեցություն կարող է թողնել՝ իր հաղորդումներով, քննարկումներով ձևավորելով այն արժեքային համակարգը, որը բացառում է ագրեսիան ու բռնությունը
Կարինե Խոդիկյանը համոզմունք հայտնեց, որ սոցիալական խնդիրները հիմնական դրդապատճառն են բռնությունների ու ագրեսիայի: «Մարդը, որը տեսնում է՝ ամբողջ օրն աշխատում է, բայց չի կարողանում ընտանիքը պահել, իսկ այսօրվա դուրսպրծուկները միլիարդներ են շաղ տալիս, դա էլ է ագրեսիա ծնում»,- ասաց դրամատուրգը:










