«Կինոշոկ-2011–ի» շրջանակում այսօր մեկնարկում է «Կիզակետում՝ Հայաստանը» ծրագիրը
«Կինոշոկ-2011» ԱՊՀ և մերձբալթյան երկրների 20-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում տեղի կունենան հայկական կինոյի ցուցադրություններ։ Ինչպես հաղորդում է ռուսական Yuga.ru կայքը, սեպտեմբերի 12–ին մեկնարկում է «Կիզակետում՝ Հայաստանը» անունը կրող հատուկ ծրագիրը։ Փառատոնի հիմնական մրցութային ծրագրում ներկայացված են՝ Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարան», Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Էդուարդ Թադևոսյանի «Քարեր», Արշալույս Հարությունյանի «Թափառում» և Տիգրան Խզմալյանի «Սև և սպիտակ» ֆիլմերը։
Հանդիսատեսը կկարողանա դիտել նաև «Հայկական կինոյի համայնապատկեր» ծրագրից 4 ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթը», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» և Ալբերտ Մկրտչյանի «Ողբի փողոցի արևածագը»։










