«Վայ, վայ»-ը չպիտի դառնա «վայ-վույ». երաժշտագետը Լիլիթ Հովհաննիսյանի կատարման մասին (տեսանյութ)
Բաթումում «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ակապելլա կատարեց Կոմիտասի «Էս գիշեր» երգը։Կատարման որակի ու սխալների մասին Tert.am-ի հետ զրույցում երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանն ասաց. «Երգչուհին մեղք չունի, մեղավոր են իր համար այդ ճանապարհը մշակողները»։
Երաժշտագետի դիտարկմամբ՝ կատարման սխալներն այնքան շատ էին, որ դժվար է խոսել դրանցից յուրաքանչյուրի մասին։ «Ոչ հայկական՝ արաբական-պարսկական մուղամային արվեստին բնորոշ մելիզմները, կատարման այլ սխալներ առատորեն աղավաղում էին Կոմիտասի «Էս գիշերը»։ Սակայն առավել կցանկանայի ուշադրություն հրավիրել երգի կատարման ոգու վրա,- ասաց Մարտիրոսյանը։- Հայ երգը ողբերգական կարող է լինել, բայց երբեք ոչ՝ հուսահատ։ «Վայ, վայ»-ը չպիտի դառնա «վայ-վույ». դրանք ցավի ու ափսոսանքի ձայնարկություններ են, սակայն երգն ունի ընդգծված լուսավոր երանգ (բառային տեքստում ասում ենք՝ «լուսնակ գիշեր», մեղեդին ևս փոփոխական ձայնակարգում է, որտեղ մինորը և մաժորը հերթագայում են), և այդ լուսավոր երանգը պիտի զգացվի»։
Երաժշտագետի դիտարկմամբ՝ Կոմիտասը հայ ժողովրդի ստեղծագործ կերպարի ընդհանրական դեմքն է, նրա մշակումներում զգացվում է հայ ոգու լուսավոր թախիծը՝ ոչ թե ցավագին հուսալքումը, ինչպես լսեցինք այս կատարման մեջ. աղավաղված ներկայացնել Կոմիտաս, նշանակում է սխալ ներկայացնել մեր ազգային էությունը։ «Եթե ընտրվում է ժողովրդական մշակույթի գանձարանի նմուշներից մեկը, ուրեմն այն պիտի արժանավայել բարձունքում ներկայանա։ Եթե դա հնարավոր չէ, թող, ինչպես անում են, կատարեն իրենց հեղինակած… բաները»,- ասաց երաժշտագետը։
Անդրադառնալով ուղիղ եթերում աշխատող մեկնաբանի խոսքին՝ երաժշտագետը նկատեց, որ նա նշել էր Կոմիտասի՝ պարզ, մաքուր, առանց ավելորդությունների ներկայացող մշակույթի մասին. «Մտահոգիչ է, որ ասվում է ճիշտը, իսկ հետո մատուցվում է դրան անհամապատասխան կատարում, որը հեռուստադիտողի մոտ կարող է պատրանք ստեղծել, թե հենց դրա մասին էր ասվածը։ Դա տանում է էթիկայի նորմերի խախտման հսկայական շրջապտույտի»։
Հիշեցնենք, որ «Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթին Լիլիթ Հովհաննիսյանն զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը և ստացավ «Ժյուրիի հատուկ մրցանակ» և «Լավագույն կին վոկալիստ» մրցանակները. առաջին հորիզոնականում Մոլդովայի ներկայացուցիչն էր, երկրորդում՝ Վրաստանի։










