«Ժպտա Երևան» ծրագրի շրջանակում կբացվի Սարյանի «Իմ բակը» կտավի մոզաիկ պանոն
Սարյան 36/38 հասցեում վաղը տեղի կունենա «Ժպտա Երևան» ծրագրի առաջին նախագծի՝ Մ.Սարյանի «Իմ բակը» կտավի մոզաիկ պանոյի բացման արարողությունը:
«Ժպտա Երևան» ծրագիրը նախաձեռնվել է մի խումբ արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների կողմից, և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նոր տեսք, գույն ու շունչ հաղորդել մայրաքաղաքի ճարտարապետական և գեղագիտական դեմքին: Ծրագիրն իր առջև խնդիր է դնում Երևան քաղաքում ստեղծել հանգստի և ժամանցի արժանավայել պայմաններ երեխաների և տարեց մարդկանց համար, քաղաքը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների և բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է քաղաքի շինությունների դատարկ, տգեղ և տեսանելի պատերին հայ ճանաչված նկարիչների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մոզաիկ պանոների, նոր ձև, ճաշակ, գույն և մոտեցում պարունակող ծաղկամանների, նստարանների, աղբամանների, խաղահրապարակների ստեղծման միջոցով:
Եվս 2 նախագիծերի աշխատանքները շուտով կավարտվեն Ամիրյան փ. – Մաշտոցի պող. և Տպագրիչներ փ. – Հանրապետության փ. հասցեներով։
«Ժպտա Երևան» ծրագիրը բաց է բոլոր արվեստագետների և ճարտարապետների համար:










