Վիճակներս վիճակ չի, կենվորի կարգավիճակում ենք. Համազգայինը թատերաշրջանը բացում է ուրիշի հարկի տակ

20:29 • 14.09.11

Համազգային թատրոնի 20-րդ թատերաշրջանը կբացվի պրեմիերաների շարքով, բայց նորից ուրիշի հարկի տակ: Այսօր լրագրողներ հետ հանդիպմանն այս մասին ասաց Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: «Մշակույթի ոչ մի օջախ ողորմության կարիք չունի: Եթե ինչ-որ մեկը մեզ հովանավորում է, դա չի նշանակում, որ մեզ ողորմություն է տալիս: Հովանավորը նախ և առաջ` իր, հետո մեզ համար է ինչ-որ բան անում»,- ասաց նա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի խոսքերով՝ Համազգային թատրոնի համար շենքի կառուցումը օրախնդիր է եղել դեռ տարիներ առաջ. «Երևանում ընդհանրապես հատուկ թատրոնի համար շենք չի կառուցվել: Մեր բոլոր թատրոնները ուղղակի հարմարեցված են ներկայացումների համար: Միակ շենքը, որ հատուկ թատրոնի համար է կառուցված, Գյումրիում է, էն էլ շատ անհաջող նախագծի հիման վրա են կառուցել»,- ասաց նա:

Սոս Սարգսյանը պատմեց նաև, որ համազգային թատրոնի շենքի համար եղել է շատ լավ նախագիծ և Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ նախատեսվել է այն կառուցել հենց քաղաքի սրտում: «Հետո սկսվեց հայոց համազգային շարժումը և մերժվեց այն ամենը, ինչ ռուսական էր, իսկ շենքը ռուսական փողերով էր կառուցվում, ասեցինք ոչինչ, թող իրենք կառուցեն, մեզ պետք կգա: Չհամաձայնվեցին, շենքը կիսատ մնաց: Դիմել եմ բոլոր նախագահներին, փողատերերին… և գիտե՞ք նրանցից մեկն ինձ ինչ ասեց։ Ասեց՝ թատրոնի դռները ջարդող կա՞, որ թատրոն կառուցելու համար փող եք ուզում…Էնպես որ, վիճակներս վիճակ չի, կենվորի կարգավիճակում ապրում ենք: Դեռ ինձ ինչ-որ կերպ հարգում են, ձայն չեն հանում, ես որ չլինեմ, հարյուրավոր տաղանդավոր մարդիկ կմնան դրսում»:

Համազգային թատրոնի շենքի համար թատրոնի տնօրինությունը դիմել նաեւ ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որը չի մերժել, այլ առաջարկել է հարմար տեղ ցույց տալ: «Ինչի՞ շքեղ ռեստորանների համար տեղ կա, հենց մեզ համար չկա, հետո էդ տեղը, որ գտնենք էլ, մեզ պիտի ասեն որոշ գումար տվեք: Մենք աջակիցներ ունենք, որ պատրաստ են շենքի կառուցմանը օգնել, ես իմ էս տարիքին պատրաստ եմ անգամ ամերիկաներն ընկնել, հանգանակություն հավաքել, բայց տեղն էլ իրենք առնե՞ն»,- ասաց Սոս Սարգսյանը:

Չնայած առանց տանիքի, համազգային թատրոնը աշխատում է ամբողջ թափով: Վաղը Վիգեն Ստեփանյանի SALE ներկայացմամբ կբացվի նոր թատերաշրջանը: Հոկտեմբերի 1-ին հանդիսատեսի դատին կներկայացվի Հրաչյա Գասպարյանի «Բլեյզ» ներկայացումը, իսկ մինչև տարեվերջ բեմում կլինի Սոս Սարգսյանի հայ դասական որևէ գործի նոր մեկնաբանությունը: Նախատեսվում են նաև շրջագայություններ Հայաստանի մարզերում: