Հայ ռեժիսորի «Դաժան սիրավեպ»-ն ստացել է «Ունիկայի» արծաթե մրցանակը և ուղարկվել տիեզերք (տեսանյութ)
«Ունիկա» անկախ ֆիլմերի 73-րդ փառատոնում Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» 12-րոպեանոց ֆիլմը երկրորդ տեղն է գրավել՝ արժանանալով արծաթե մեդալի:
Հայաստանը այս տարի 23 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել այս մրցույթին: «Վերջին անգամ 1988-ին երկայացվել ու ոսկե մեդալի է արժանացել իմ ֆիլմը: Հետո Հայաստանը այլևս չմասնակցեց փառատոնին, և միայն այս տարի իմ ջանքերով նորից կազմակերպվեց համահայաստանյան ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի համահայկական փառատոնը: Հաղթողները հնարավորություն ստացան դուրս գալ միջազգային ասպարեզ և մասնակցել «Ունիկայի» միջազգային մրցույթին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ կոմերցիոն հայկական կինոյի ցանց»-ի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը:
«Ունիկա 73»-ին Հայաստանը ներկայացել է 7 կարճ և 1 մեկրոպեանոց ֆիլմերով: «Արդյունքում ունեցանք մեկ արծաթե մեդալ և վեց պատվոգիր, որ մեր երկրի նման փոքրիկ երկրի համար մեծ ձեռքբերում էր: Մրցույթին մասնակցում էին հարյուրից ավելի ֆիլմեր, որոնք ի տարբերություն մեր ֆիլմերի, շատ մեծ բյուջե ունեին և այն, որ հենց մեր ֆիլմը դասվեց լավագույնների շարքում մի քիչ զարմացրեց և միաժամանակ շատ ուրախացրեց»,- ասաց Արտաշես Հովհաննիսյանը:
Երկրորդ մրցանակի արժանացած ֆիլմը`«Դաժան սիրավեպը» ֆիլմի 36-րոպեանոց տարբերակը նկարահանվել էր 2002 թավականին, բայց մինչ այս ոչ մի փառատոնի չէր մասնակցել: «Ֆիլմի միակ հաջողությունը կարելի է համարել այն, որ ընտրվել ու ուղարկվել է տիեզերք: Վեց ամիս տիեզերքում միայնակ մնացող տիեզերագնացների համար հատուկ ֆիլմեր են ընտրվում, որովհետև նրանց նյարդային համակարգը լարված է և ամեն ֆիլմ չէ, որ նրանց կարելի է դիտել: Իմ ֆիլմը, փաստորեն, հավանեցին: Հետագայում ֆիլմը մնաց դարակում և միայն ընկերական դիտման համար»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Շավարշ Համբարձումյանը:
Փառատոնին ներակայցվելու համար 36-րոպեանոց ֆիլմը կրճատվել և դարձվել 12 րոպե: Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է անշահախնդիր սիրո հարցը: Իրադարձությունները զարգանում են քարե դարում, որը հաճախ զուգակցվում է 21-րդ դարի հետ: Տղան ամեն կերպ փորձում է արժանանալ աղջկա սիրուն, վերջինս անընդհատ մերժում է և վերջում զուտ կենցաղային ձգտումների համար դաժանորեն պատժվում է:










