Ավելի ճիշտ է ապրել Հայաստանից հեռու. Համասյանը նվագեց լրագրողների համար (տեսանյութ)

18:02 • 15.09.11

Հայազգի աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը սեպտեմբերի 17-ից 20-ը բարեգործական համերգներով հանդես կգա Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Համերգներից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» բարեգործական միությանը: Երաժիշտը նախատեսում է նաև անձամբ հանդիպել հաշմանդամ երեխաներին, նվագել նրանց համար և օգնել` ինչով կարող է: Համերգաշարի ընթացքում հիմնականում կհնչեն նոր կատարումներ Տիգրան Համասյան Սոլո Տրիոյի նոր`A Fable ալբոմից:

«Հայաստանում մշտապես չեմ կարող ապրել: Ամեն անգամ գալիս եմ ու համոզվում, որ այստեղ չի կարելի ապրել ու ստեղծագործել: Ավելի ճիշտ է ապրել Հայաստանից հեռու, բայց ինչ-որ բան անել այս երկրի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Համասյանը: Ըստ նրա` Հայաստանում շատ քիչ լավ երաժիշտներ են մնացել, այն էլ` դասական երաժշտության ասպարեզում:

«Ջազում և ռոքում ես նոր մարդիկ չեմ տեսնում: Գուցե այն է պատճառը, որ Հայաստան շատ քիչ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ են գալիս: Շփումը քիչ է: Երկու տարին մեկ մեկը գալիս է, որ արդեն «հին» է, ասում են` երաժիշտ ենք բերել»,- նշեց երաժիշտը:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ. Գյումրիում: Երկու տարեկանից զբաղվել է երաժշտությամբ: Տասը տարեկանում տեղափոխվելով Երևան` լրջորեն սկսում է զբաղվել ջազ երաժշտությամբ, մասնակցում է համերգների ու սկսում ստեղծագործել: Տիգրանի համար ճակատագրական եղավ երկրորդ միջազգային ջազ փառատոնի ժամանակ հանդիպումը ֆրանսահայ ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանի հետ: Մեկ տարի անց նա արդեն ֆրանսիական փառատոներին մասնակցելու բազմաթիվ հրավերներ ուներ: Համասյանը թողարկել է չորս ալբոմ և արժանացել տասնյակ մրցանակների: