Ստրադիվարիուսի գործիքով հայ ջութակահարը համերգ է տվել Ճապոնիայում

15:07 • 16.09.11

Սեպտեմբերի 15-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում (Asahi Hall) տեղի է ունեցել հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների ցանկում, ներկա են եղել Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ և բերկրանքով են ընդունվել ճապոնացի հանդիսատեսի կողմից:

Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվել է ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլև այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի 1717թ. պատրաստած գործիքը: