ՌՀՄ գործողություններն ուղղված են Զորավար Անդրանիկին մոռանալուն. «Չենք լռելու»
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիշեցնում է, որ անցել է արդեն 4 ամիս, ինչ Սոչիի Լազարևի շրջանի Վոլկոնկա գյուղում «տեղական իշխանությունների և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ճնշման տակ ապամոնտաժվեց Հայաստանի, Ռուսաստանի և Բուլղարիայի լեգենդար գեներալ Անդրանիկ Օզանյանի արձանը: Սոչիի հայերի նախաձեռնությամբ տեղադրված հուշարձանը մեկ օր էլ չգոյատևեց»:
Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժումը պայմանավորված էր Թուրքիայի կողմից ճնշումներով, որը սպառնում էր կասկածի տակ դնել Սոչիում 2014թ. Օլիմպիական խաղերի անցկացումը, հիշեցնում է նախաձեռնությունը։
«Տեղի ունեցածը առաջացրեց խիստ բացասական ռեակցիա թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: ՌՀՄ մոսկովյան ղեկավարությունն էլ շտապեց խուսանավել Սոչիի իր ներկայացուցչության գործողություններից` փոխնախագահ Գերման Անանյանցի շուրթերով հայտարարելով, թե բոլոր խնդիրները լուծված են և հուշարձանը կրկին կտեղադրվի մոտակա ժամանակներում:
Սակայն ժամանակն անցնում է, իսկ սայլը տեղից չի շարժվում: Ավելին` տպավորություն է ստեղծվում, որ լուծել այդ հարցը որևէ մեկը չի պատրաստվում, իսկ ՌՀՄ գործողություններն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սոչիում, ուղղված են Անդրանիկի մասին մոռանալուն:
Օգտվելով նրանից, որ Երևանում բացվում է «Հայաստան-Սփյուռք» ներկայացուցչական համաժողով, որին մասնակցում են սփյուռքահայեր ամբողջ աշխարհից, այդ թվում` Ռուսաստանի հայերի միությունից, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է համաժողովի պատվիրակներին Ռուսաստանի հայերի միության վրա ազդեցություն ունենալու կոչով, որպեսզի Անդրանիկի արձանի վերադարձի հարցը լուծվի հնարավորինս կարճ ժամկետում»,- նշվում է «Չենք լռելու» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է նաև, որ ռուսաստանաբնակ հայ երիտասարդության բազմաթիվ խնդրանքներով Ռուսաստանի մարզերում ստեղծվելու են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցից առաջինը արդեն սկսել է գործել Սոչի քաղաքում: Խմբի ղեկավարն է 23-ամյա Արմեն Հովհաննիսյանը:










