ԱՄՆ–ում կայացավ «Էմմի» մրցանակաբաշխությունը. «Խելագարները» առաջին տեղում են
ԱՄՆ–ում կայացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է լավագույն հեռուստաֆիլմերի և հաղորդումների համար։ Չորրորդ անգամ լավագույն հեռուստադրամա անվանակարգում մրցանակ է ստացել «Խելագարները» («Mad Men») սերիալը, իսկ կատակերգություններից՝ «Ժամանակակից ընտանիք» սերիալը։
«Էմմի» մրցանակը 63–րդ անգամ է շնորհվում։ Յուրաքանչյուր անվանակարգում մրցանակի համար պայքարել են 6 մրցակից։
«Խելագարները» սերիալը, որը պատմում է 1960–ականների գովազդային գործակալության գործունեության մասին, ներկայացվել էր 19 անվանակարգերում. ֆիլմը չորս տարի անընդմեջ արժանանում է լավագույն դրամա մրցանակին։
«Լավագույն կատակերգություն» մրցանակին արժանացած «Ժամանակակից ընտանիքը» («Modern Family») սերիալի սյուժեն երեք ընտանիքների շուրջ է զարգանում, որոնցից մեկը կազմված է երկու գեյերից, որոնք որդեգրած աղջնակի են դաստիարակում, իսկ ահա «լավագույն կատակերգու դերասան» մրցանակը շնորհվել է Ջիմ Փարսոնին, որը «Մեծ պայթյունի տեսություն» («The Big Bang Theory») սերիալում կատարում է Շելդոնի դերը։ Նույն անվանակարգում որպես կին դերասան մրցանակի է արժանացել Մելիսա Մաքքարթին՝ «Մայքն ու Մոլին» («Mike & Molly») սերիալում իր աշխատանքի համար։
«Դրամատիկ սերիալում լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում հաղթել է Քայլ Չանդլերը («Friday Night Lights»), իսկ լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Ջուլիաննա Մարգուլիսը՝ («The Good Wife»)։
Տարվա «լավագույն ռեալիթի շոու» անվանակարգում «Էմմի» մրցանակի արժանացել է CBS հեռուստաալիքով ընթացող «Զարմանալի մրցավազքը» (Amazing Race) հաղորդումը։










