ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է Կարեն Թանթուշյանի նկարների ցուցահանդեսը

16:32 • 19.09.11

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվել է Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ ավելի ակտիվ և ստեղծագործ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին:

Ինչպես տեղեկանում ենք գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսում ներկայացված են հայազգի նկարիչ Կարեն Թանթուշյանի գունագեղ նկարները:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից Արտաքին գործերի նախարարության և Կանանց առաջնորդության համաժողովի հետ համատեղ:

Սկսած 2007 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 15–ին:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 23-ը, 15:00-17:00: