Վալերի Գերգիև. Հայաստանը երաժշտության երկիր է (տեսանյութ)

11:04 • 20.09.11

Երեկ սեպտեմբերի 19–ին Հայաստանի Անկախության 20–ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Երևանի՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևի գլխավորությամբ։

Համերգից առաջ կայացած ասուլիսի ժամանակ մաեստրոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է անցկացնել այս համերգը։

«Ես շատ երջանիկ եմ, որ մենք Հայաստանում ենք, և կրկնակի երջանիկ եմ, որ դա համընկնում է այսպիսի տոնակատարության հետ։ Հուսով եմ, որ Անկախության 20–ամյակը, իսկ հետո նաև 30, 40, 50–ամյակները կտոնվեն երաժշտական մեծ իրադարձությունների ֆոնին։
 

Հայաստանը երաժշտության երկիր է, և հաճելի է, որ այսպիսի իրադարձությանը, այսօրինակ կարևոր հոբելյանին մասնակցում է Սանկտ Պետերբուրգի իմ նվագախումբը։

Իմ կենսագրությունը սերտորեն կապված է Հայաստանի հետ, և ես կարծես տուն եմ վերադարձել։ Հայաստանում աշխատած 6 տարիներն իմ կյանքի շատ վառ էջերն են», – ասել է Գերգիևը՝ հավելելով, որ Հայաստանում նա մեծ փորձ է ձեռք բերել՝ աշխատելով դժվար պայմաններում, երբ շաբաթը մեկ կամ երկու անգամ ստիպված է եղել մեկնել Լենինգրադ և վերադառնալ Երևան։

«Ուզում եմ հավատալ, որ հանդիսատեսի շարքերում, ինչպես երկու տարի առաջ, կլինեն նաև իմ ընկերները։ Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, որոնցից մի քանիսին հասցրել եմ տեսնել, մյուսների հետ՝ հասցրել եմ խոսել», – ընդգծել է մաեստրոն։

Անդրադառնալով հայ կոմպոզիտորների երաժշտությանը՝ Գերգիևն ասել է. «Ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտությունը պետք է և կարող է հնչել, կամ հակառակը՝ կարող է և պետք է հնչի և′ Սանկտ Պետերբուրգում, և′ Մոսկվայում. ես դրան նպաստում եմ»։

Խոսելով ապագա հեռանկարների մասին՝ դիրիժորը նշել է, որ ծրագրեր կան նաև ժամանակակից երաժշտության վերաբերյալ։

«Մենք հսկայական թատրոններ ունենք, իմ՝ այստեղ չլինելու ժամանակ, մեզ մոտ «Սպարտակ» ներկայացումն է բեմադրվել, լինելով մեծ ու հոյակապ տեսարան՝ այն մեր ռեպերտուարի զարդն է», – նշել է նա։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իր հերթին, ավելացրել է, որ մաեստրո Գերգիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է 2013–ին Հայաստանում Գերգիևյան փառատոն անցկացնել, ինչին ի պատասխան դիրիժորը ասել է. «Ինձ համար դա, ինչպես միշտ, մեծ պատիվ է և ուրախություն»։