Միխալկովի ֆիլմը «Օսկարին» առաջադրելու շուրջ սկանդալ է հասունանում
Ռուսաստանցի ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Утомленные солнцем 2. Цитадель» ֆիլմը կհավակնի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին։
Երեկ երեկոյան Ռուսաստանի «օսկարյան» հանձնաժողովը որոշում է կայացրել Նիկիտա Միխալկովի «Цитадель» ֆիլմը առաջադրել «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ այս ֆիլմը գերադասելով Անդրեյ Զվյագինցեվի «Ելենային» և Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստին»։
Ինչպես լրագրողներին հայտնել է հանձնաժողովի անդամ Կիրիլ Ռազլոգովը, «հանձնաժողովի անդամների մեծ մասը կողմ է քվեարկել Միխալկովի ֆիլմին»:
Նշենք, որ Ռուսաստանի օսկարյան հանձնաժողովում ընդգրկված են Վլադիմիր Մենշովը, Անդրեյ Կոնչալովսկին, Վլադիմիր Նաումովը, Գլեբ Պանֆիլովը, Կիրիլ Ռազլոգովը, Կարեն Շախնազարովը և ինքը՝ Նիկիտա Միխալկովը։
Հանձնաժողովի նախագահ հանդիսացող ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մենշովը, սակայն, համաձայն չէ գաղտնի քվեարկության արդյունքում Միխալկովի ֆիլմը «Օսկարի» առաջադրելու որոշման հետ։
Ինչպես գրում է Дни.ру–ն, այս կինոնկարի ընտրության հետ կապված պատմությունը չափազանց սուր և սկանդալային երանգ է ստացել։
«Հանձնաժողովն ընտրել է այդ ֆիլմը, բայց ես հրաժարվել եմ ստորագրել արձանագրությունը, քանի որ այս որոշումն անարդար եմ համարում»,–ասել է ռեժիսորը և ընդգծել, որ «այս տարի շատ արժանավոր ֆիլմեր կան, որոնք կարող էին ներկայացնել Ռուսաստանը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
«Միխալկովն ինքն է առաջադրել իր ֆիլմը հանձնաժողովի քննարկմանը, ինչն այդքան էլ կոռեկտ քայլ չէր», – նկատել է Մենշովը։










