Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կերգեն Սթիվի Ուոնդերը, Ալ Ջերոն, Փիթեր Գաբրիելն ու Մոնսերատ Կաբալիեն
Ֆլորա Մարտիրոսյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, Սթիվի Ուոնդերը, Ալ Ջերոն ու համաշխարհային ճանաչում ուեցող շատ աստղեր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համատեղ համերգով նոյեմբերի 1-ին հանդես կգան Լոս Անջելեսում: «Այս համերգը միայն սկիզբն է այն մեծ նախագծի, որ որոշել ենք իրականացնել մինչև 2015 թվականը: Մինչ այդ` տարին առնվազն մեկ համերգով կներկայանանաք աշխարհի շատ երկրներում: Մեզ կմիանան աշխարհահռչակ շատ երգիչներ, որոնք դեմ են բռնությանն ու տեռորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերջերս ժողովրդական երգչուհու կոչում ստացած Ֆլորա Մարտիրոսյանը: Նա հավելեց, որ համերգաշարը հրաշալի հնարավորություն է հայ ազգի համար ներկայանալու միջազգային ասպարեզում: «Ընդ որում, կարող ենք ներկայանալ ոչ միայն մեր արվեստով ու երգերով, այլև մեր ազգային արտադրանքով:
Համերգին նախորդելու է կարմիր գորգը, որի դատարկ լինելը մեզ համար ուղղակի պատվաբեր չի լինի: Մենք պետք է ցույց տանք մեզ բոլոր կողմերից: Հայկական ապրանքանիշեր ներկայացնող գործարարները նույնես կարող են օգտվել ընձեռնված բացառիկ հնարավորությունից ու միջազգային ասպարեզ հանել իրենց արտադրանքը»:
Խաղաղության ակցիայի հաջորդ համերգը նախատեսվում է անցկացնել Եվրոպայում 2012-ի մայիսին: «Մի քիչ առաջ անցնեմ ու ասեմ, որ եվրոպական համերգաշրջանում ավելի մեծ անակալներ են սպասվում: Այնտեղ նախնական պայմանավորվածությամբ մեզ կմիանան այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիելն ու Մոնսերատ Կաբալիեն: Եվրոպայում անպայման կերգի նաև Շառլ Ազնավուրը և ուրիշ շատ իրական աստղեր, որոնց անունները ուղղակի հիմա չեմ ուզում տալ»,- նշեց երգչուհին:
Մեծ Եղեռնին նվիրված համաշխարահային շրջագայությունը կազմակերպիչները նախատեսում են ամփոփել 2015 թվականին Հայաստանում: «Հուսանք, որ կկարողանանք մեր երկրում հյուրըկալել բոլոր համաշխարհային մեծություններին, որոնք մեզ հետ կլինեն այս չորս տարվա ընթացքում: Բացի նրանց մեզ մոտ հրավիրելու բարդությունից, մենք պետք է լուծենք նաև ֆինանասական խնդիրները: Մի մտավախություն էլ կա: Թուրքական կողմը կարող է խոչընդոտել համերգաշրջանի հարթ ընթացքին: Դեռևս ձայն չեն հանում, հուսանք, որ նույնքան էլ լուռ կմնան ամբողջ համերգաշրջանի ընթացքում»,- ասաց համերգաշրջանի հայկական կողմի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը:










