Սեզարիա Էվորայի երևանյան համերգը հնարավոր է՝ չեղյալ համարվի. նա վատառողջ է

15:50 • 23.09.11

Կաբո–Վերդեից աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան հայտարարել է, որ ավարտում է իր երաժշտական գործունեությունը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս–պրես» գործակալությունը, հղում անելով երգչուհու սկավառակները թողարկող ընկերությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ վերջերս երգչուհին ժամանել է Փարիզ` մի քանի համերգ տալու նպատակով, սակայն Էվորան «այնքան թույլ» է, որ ստիպված համերգները չեղյալ է հայտարարել և որոշել է դադարեցնել երաժշտական գործունեությունը։ Բի–Բի–Սի–ն հայտնում է, որ առաջիկայում նախատեսված համերգներն արդեն չեղյալ են հայտարրավել։

Վերջին տարիներին երգչուհին մի քանի անգամ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ Մասնավորապես, 2008–ին Մելբուռնում ունեցած համերգից հետո ուղեղի կաթված էր տարել, իսկ 2010–ին նա վիրահատվել էր Փարիզում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29–ին նախատեսված է Էվորայի համերգը Երևանում։ «Խրոնոգրաֆ» ընկերությունում, որը համերգի կազմակերպիչն է, tert.am-ին ասացին, որ առայժմ տեղեկություն չեն կարող հաղորդել համերգի հնարավոր հետաձգման մասին։ «Երևանյան հեռանկարներ»–ի գրասենյակից ասացին, որ իրենք ունեցել են տեղեկություն երգչուհու վատառողջության մասին, սակայն համերգը չեղյալ հայտարարելու որոշում կայացված չէ։