Քաղաքը կդառնա մեծ կինոթատրոն. մեկնարկում է «Կինոաշուն-2011»-ը
«Կինոաշուն-2011» ազգային կինոյի ամիս ծրագիրը «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի վաղը Գորիսում:
«Բոլորովին էլ պատահական չէ, որ որոշել ենք այս տարի մեկնարկը տալ Հայաստանի ամենահեռավոր մարզից: Ամենակարևոր նպատակը, որ դրել ենք մեր առաջ, մարզերում կինոցանցի աստիճանաբար վերականգնումն է: Այդ է պատճառը, որ հիմնական շեշտն այս տարի դրել ենք մարզային ցուցադրումների վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը:
Նա պատմեց, որ սկզբում մարզերի ղեկավարները անհնարին են համարել սեփական տեխնիկական միջոցներով վաղուց չգործող կինոթատրոններում ֆիլմեր ցուցադրելը, սակայն «մտնելով գործի մեջ» իրենք են դարձել շահագրգիռ կողմը: Արդյունքում յուրաքանչյուր մարզում անկախության 20 տարիներին նկարահանված առնվազն երեք ֆիլմի ցուցադրություն է նախատեսվում: Շուրջ մեկ ամիս հարյուրից ավելի գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, մանկական ֆիլմեր կցուցադրվեն նաև զորամասերում, ուսումնական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում: «Ուզում ենք քաղաքը դարձնել մի մեծ կինոթատրոն, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան տեսնել հենց իրենց ուզած ֆիլմն ու համոզվել, որ հայկական կինոն չի մահացել»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև երեք գրքի շնորհանդես, և կնշվեն Դմիտրի Կեսայանցի 80 և Հովիկ Հախվերդյանի 75-ամյակները:
«Կինոաշուն 2011»-ի փակման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում:










