Ինձ ավելի շատ սիրում ու գնահատում են դրսում, քան իմ հայրենիքում. Արաքս Մանսուրյան (տեսանյութ)
Հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստան են հրավիրել համերգային ծրագրով, սակայն հանդիսատեսը այդպես էլ հնարավորություն չի ունենա լսել սիրելի երգչուհուն Երևանյան բեմերից և ոչ մեկում: Թե ով կամ ինչն էր պատճառը, որ համերգն այդպես էլ չկայացավ` երգչուհին չի մանրամասնում: Ցավով նշում է միայն, այսօր շատ ավելի սիրված ու գնահատված է արտերկրում, որտեղ ավստրիալիացի ուսանողներին մաքուր հայկական երգեր է սովորեցնում: Երգչուհին իր մտորումների, հիասթափությունների ու հույսերի մասին պատմել է Tert.am-ի թղթակցին:
Տիկին Մանսուրյան ինչքա՞ն ժամանակ է Հայաստանում եք և ինչ ծրագրերով եք վերադարձել հայրենիք։
Մոտ երեք շաբաթ է Հայաստանում եմ: Հայաստան եմ եկել երեխաներիս և եղբորս հրավերով: Հարազատներս շատ էին ուզում ինձ հետ նշել ծննդյանս տարեդարձը, ես էլ չմերժեցի: Չնայած երբեք էլ շատ երկար ընդմիջում չեմ տվել: Տասնվեց տարի է` Հայաստանում չեմ ապրում, բայց ամեն տարի գոնե մի ամսով վերադառնում եմ: Բացի երեխաներիս տեսնելուց այս տարի մի կարևոր գործ էլ եմ ձեռնարկել: Շուշանը հավաքել էր իմ բոլոր տարիների ձայնագրությունները, և միշտ մտածում էի գալ ու դրանք վերածել ձայներիզների: Հիմա առիթից օգտվելով` երեք ձայներիզ եմ ուզում թողարկել «Շարմ» ընկերության հետ, այս շաբաթվա մեջ կավարտեմ և հույս ունեմ, որ մինչեւ եկող տարի պատրաստ կլինեն:
Իսկ չե՞ք պատրաստվում համերգային ծրագրով ներկայանալ հայաստանյան Ձեր հանդիսատեսին։
Այս տարի տարեսկզբին ինձ հրավիրեցին գալ Հայաստան և համերգային ծրագրով ներկայանալ: Ես սիրով համաձայնեցի ու գործերս այնպես դասավորեցի, որ մայիսին այստեղ լինեմ: Անգամ երգացանկս ուղարկեցի նվագախմբին, որ նախապատրաստվեն: Սակայն խոստացված համերգը չկայացավ, հետաձգվեց սեպտեմբերին: Սեպտեմբերն էլ վերջանում է, բայց ինչպես տեսնում եք, ոչ մի ազդագիր չկա, ոչ մի նախապատրաստություն չկա…Համերգ չեմ տա Երևանում:
Ինչո՞ւ: Ո՞վ էր Ձեզ հրավիրել, և ի՞նչն էր պատճառը,որ համերգը այդպես էլ չկայացավ։
Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, որովհետև պատճառն ինքս էլ չգիտեմ: Անուններ չեմ տա, բայց սա առաջին դեպքը չէ: Իմ արտերկրում ապրելու տարիներին շատ են եղել դեպքեր, երբ Հայաստանից ինձ զանգել են, համերգների են հրավիրել, պայմանավորվել ենք, բայց համերգն այդպես էլ չի եղել: Ինչու` չգիտեմ, բայց Ձեզ իրողությունն ասեմ: Ինձ ավելի շատ սիրում ու գնահատում են դրսում, քան իմ հայրենիքում: Ես չեմ բողոքում, իրողությունն եմ ասում: Ես մինչ օրս կոչում էլ չունեմ, իմ կոչումն իմ հանդիսատեսի սերն ու ծափահարություններն են:
Իսկ ինչո՞վ եք զբաղվում այժմ Ավստրալիայում և ինպե՞ս եղավ, որ գնացիք:
Ես գնացի հետ վերադառնալու հաստատ որոշմամբ: Պայմանագիր ունեի, որից հետո, կասկած չկար ,որ հետ կգամ, բայց այնպես ստացվեց, որ այնտեղ ամուսնացա: Սկզբում ուզում էի նրան էլ ինձ հետ բերել, բայց հետո մտածեցի` գամ, ինչ պիտի անեմ: Օպերայից հրավեր չունեմ, եթե հայրենիքում չպիտի երգեմ, ինչ իմաստ ունի իմ վերադարձը: Տարիներ առաջ Ռոբերտ Աթայանի հետ զրուցում էինք. նա ասեց`Արաքս, եթե դու գնաս Հայաստանից, մենք կկորցնենք երգչուհի Արաքս Մանսուրյանին, բայց կշահենք Կոմիտաս լսող հանդիսատես: Համերգներիս ժամանակ վերջերս, չգիտես ինչու, միշտ այս զրույցն եմ հիշում: Իսկ Սիդնեյում պարբերաբար համերգներ եմ տալիս, որտեղ ներկայացնում եմ մաքուր հայկական երաժշտություն: Իմ ծրագրում պարտադիր է Կոմիտասը: Բայց հիմնականում դասավանդում եմ երաժշտական ինստիտուտում: Ավստրիալացի երիտասարդներին սովորեցնում եմ մաքուր հայկական երգեր երգել: Մյուս տարի ուզում եմ ուսանողուհուս բերել ինձ հետ և այստեղ համերգ կազմակերպել նրա մասնակցությամբ: Սրտի թրթիռով է սպասում դրան, ես էլ ամեն քայլափոխի նրա հայացքով եմ նայում ու հպարտանում` նա իմ հայրենիքը գեղեցիկ կտեսնի:
Դժվար չէ՞ ավստրալացուն հայկական երգեր սովորեցնելը:
Չէ, չէի ասի. նրանք սիրում են մեր երգերը: Անգամ քննության ժամանակ գալիս ասում են `ինձ «Լորիկը» կտաք, կամ «Օրորը» կտաք: Գալուցս առաջ իմ ուսանողուհին քննության ժամանակ երգում էր Կոմիտաս ու Մանսուրյան`Համո Սահյանի խոսքերով: Ես այնքան ուրախ էի, այնքան հուզված, որ Ավստրալիայում հնչում է հայկական երաժշտություն, այն էլ այդքան մաքուր: Մինչ ուսանողներիս սովորեցնելը ես թերևս միակն էի, որ հայկական երաժշտություն էի ներկայացնում: Ավստրիալացիներն անգամ չգիտեին` ով է հայը:
Իսկ ի՞նչն եք կարծում, կլինի մի օր, երբ կվերադառնաք և հայ երիտասարդներին կսովորեցնեք մաքուր հայկական երաժշտություն:
Շատ եմ ուզում վերադառնալ, ես այնտեղ եմ ապրում, բայց հոգով միշտ այստեղ եմ: Այն ինչ կա Հայաստանում, ոչ մի տեղ չկա: Կա ճանաչում, կան ընկերներ, ամեն ինչ կա, բայց ջերմությունն է պակասում: Հայաստանն է իմը: Նախ և առաջ այստեղ է իմ աղջիկը` Շուշանս, եղբայրս: Եթե մի օր նրանց ձայնը չլսեմ, այդ օրը կորած կհամարեմ: Ավստրալիան իմ համար գեղեցիկ պատկերի է նման: Գեղեցիկ նկար, որը ինձ շատ դուր է գալիս, բայց սառն է: Ես ասում եմ` ինչ գեղեցիկ է և մենակ քայլում եմ այդ նկարի միջով: Բայց Հայաստանը իմ մեջ է: Ես Հայաստանում չեմ, բայց Հայաստանն ինձ հետ է:
Կրկին վերադառնալով հայրենիք, որպես հյուր, ինչպիսի՞ն տեսաք Հայաստանը: Ըստ Ձեզ` մեկ տարվա բացակայության ժամանակ շա՞տ բան է փոխվել:
Գիտեք` ինձ համար Հայաստանը բոլոր վիճակներում է գեղեցիկ: Հայաստանը միշտ ինձ հետ է եղել ամեն վիճակով: Ինչ խոսք` ամեն անգամ վերադառնալով Հայաստան ավելի գեղեցիկ եմ գտնում այն: Մեր երիտասարդներն են շատ գեղեցիկ: Արտաքնապես ամեն ինչ գեղեցիկ եմ տեսնում, մնացածը`չգիտեմ:
Իսկ ի՞նչ կասեք մեր երիտասարդ արվեստագետների մասին: Այս ասպարեզում առաջընթաց տեսնո՞ւմ եք:
Այս հարցին լիարժեք չեմ կարող պատասխանել, որովհետև շատ քիչ եմ ծանոթ հայաստանյան այժմյան արվեստագետներին: Ես միշտ էլ ասել եմ, որ շատ լավ ձայնային տվյալներով երիտասարդներ ունենք, սակայն կուզեի, որ ավելի շատ հայկական երգեր երգեին`մաքուր հայակական, որտեղ չկան օտար էլեմենտներ: Կուզեի, որ ավելի շատ այս կողմը գերակշռեր, քան այն կողմը, այսինքն մաքուր հայակականը շատանար ու ծածկեր ռաբիսը, որը, ցավոք, գերակշռում է: Սակայն ես զգում եմ, որ հայ երիտասարդների մեջ դասականի հանդեպ սերը չի մարել: Նրանք ինձ էլ են ճանաչում: Փողոցով քայլելիս գալիս ասում են`այնպես ենք սիրում Ձեր արվեստը: Դա նշանակում է` ամենի ինչ միանգամից կփոխվի, եթե նրանց իրոք լավ երաժշտություն մատուցեն: Գիտեք, բայց երբ իմացա, որ այս տարվա անկախության տոնակատարությունը դասական երաժշտության տակ է լինելու, շատ ուրախացա: Սա նշանակում է, որ ինչ որ բան կամաց-կամաց փոխվում է:Սա նոր բանի սկիզբն է, որը շատ ուրախալի է:










