Պլասիդո Դոմինգոն հնարավոր է՝ բեմադրի «Անուշը» կամ «Դավիթ Բեկը»

18:31 • 26.09.11

 Սեպտեմբերի 25-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Իսկ մինչ այդ, նախագահը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Մաեստրոն Սերժ Սարգսյանին ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի երևանյան այցից և համերգից, նույնքան լավ զգացումներ ունի հայերի և Հայաստանի նկատմամբ, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Դոմինգոն նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը և չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երևանում ՀՀ նախագահի և հայ հանդիսատեսի կողմից:

Խոսելով իր ծրագրերի մասին՝ աշխարհահռչակ տենորը Սերժ Սարգսյանին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշ»-ը կամ «Դավիթ Բեկ»-ը: