Սեզարիա Էվորայի փոխարեն Երևանում կերգի Ալեսանդրո Սաֆինան
Կաբո–Վերդեից աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի` սեպտեմբերի 29-ին Երևանում ծրագրված համերգը փոխարինվել է Ալեսանդրո Սաֆինայի համերգով։ Այն կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիաական թատրոնում։
Հիշեցնենք, որ Էվորայի համերգը չեղյալ է հայտարարվել երգչուհու առողջական խնդիրների պատճառով. նա ուղեղի կաթված է տարել ու այլևս չի կարող վերադառնալ մեծ բեմ:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Սաֆինայի համերգի տոմսերն արժեն նույնքան, որքան Էվորայի համերգի տոմսերն էին։ Նրանք, ովքեր ձեռք են բերել Էվորայի համերգի տոմսեր, կարող են ներկա լինել Ալեսանդրո Սաֆինայի ելույթին, իսկ ով չի ցանկանա ներկա գտնվել այդ համերգը, կարող է վերադարձնել տոմսը։
Նշենք, որ Էվորայի համերգի բոլոր տոմսերն օրեր առաջ սպառվել էին:
Համերգի կազմակերպիչներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը և հայտարարելու համերգի փոխարինման մասին։










