Հռչակավոր տենորն առաջին անգամ կերգի հայ հանդիսատեսի համար

15:32 • 26.09.11

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին հայ ընտրյալ հանդիսատեսին մեծ անակնկալ է սպասվում: Սեզարիա Էվորայի փոխարեն Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան:

Հիշեցնենք, որ Սեզարիա Էվրորոյի երևանյան համերգը ոչ թե հետաձգվել է, այլ ընդհանրապես չեղյալ է հայտարարվել: Ուղեղի կաթված ստացած երգչուհին, բժիշկների կանխատեսմամբ, այլևս մեծ բեմ դուրս չի գա: Այժմ յոթանասունամյա աշխարհահռչակ երգչուհին Փարիզի բժշկական հաստատություններից մեկում է: Ըստ ամենայնի, նրա լիակատար ապաքինման համար երկար ժամանակ կպահանջվի:

Սաֆինայի համերգի կազմակերպիչ «Խրոնոգրաֆ» ընկերության տնօրեն Համազասպ Մելքումյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ այն եզակի երջանիկները, որ կարողացել էին ձեռք բերել Սեզարիայի համերգին մասնակցելու հատուկենտ տոմսեր, հեշտությամբ կարող են փոխանակել այն ու ներկա գտնվել Ալեսանդրո Սաֆինայի երևանյան առաջին համերգին կամ ուղղակի վերադարձնել ու ետ ստանալ վճարած գումարը:

«Այս համերգը նվեր է մեր լավագույն հաճախորդների համար: Այն կհաջորդի BREGUET ժամացույցների ցուցահանդես –վաճառքին ու եզակի հնարավորություն կընձեռի մեր սրահի մշտական այցելուներին առնչվելու բարձրաճաշակ երաժշտությանը: Կվաճառվի միայն 400 տոմս և հանդիսատեսի 80 տոկոսը դահլիճ կմտնի հրավիրատոմսերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համազասպ Մելքումյանը: Tert.am-ի հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր երկրորդ համերգը կազմակերպել ավելի լայն խավի համար կամ համերգն անցկացնել ավելի մեծ դահլիճում, «Խրոնոգրաֆի» տնօրենը պատասխանեց, որ ամեն ինչ կանեն, որ հետագայում ավելի մեծամասշտաբ համերգներով Հայաստան հրավիրեն ոչ պակաս հայտնի կատարողների «Սակայն այս համերգը պետք է համապատասխանի մի շարք ստանդարտների: Մեր հրավերով առաջին անգամ Հայաստան եկած Սաֆինան պետք է երգի լավագույն դահլիճում: Համերգը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա և մեր հաճախորդներին պետք է մատուցվի ամենալավ նվերը»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա «Երևանյան հեռանկարների» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, նույնպես շատ կարևորելով համաշխարհային մեծության մասնակցությամբ թեկուզ մեկ համերգի կազմակերպումը, նշեց, որ նմանատիպ համերգները Հայաստանին տալիս են աշխարհին ներկայանալու բացառիկ հնարավորություն և սա առաջընթաց է բոլոր դեպքերում: «Մեզ համար շատ կարևոր է նմանատիպ աշխարհահռչակ դեմքերի այցը Հայաստան, թեկուզ մեկ համերգով, թեկուզ քիչ թվով հանդիսատեսի համար: Կարևորը, որ նման աստղերը գալիս են Հայաստան ու շփումը մեծ արվեստի հետ կամաց-կամաց սերտանում է»,- ասաց նա: