Նկարահանվել է Էջմիածնի օրհներգի տեսահոլովակը (տեսանյութ)

18:15 • 28.09.11

Էջմիածին քաղաքի օրհներգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Մարինե Մխիթարյանը: Գործիքավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանինն է` Հայկոյինը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Բարսեղյանը: Երգը կատարում են Ալլա Լևոնյանը, Սոֆի Մխեյանը, Լեյլա Սարիբեկյանը, Անահիտ Սիմոնյանը, Մարինե Մխիթարյանը, Հայկոն, Վարդան Բադալյանն ու Արսեն Սաֆարյանը:

Տեսահոլովակը նկարահանվել է Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` էջմիածին քաղաքի տոնին ընդառաջ: Նշենք, որ Էջմիածնի օրը տոնվում է 2009-ից` հոկտեմբերի 8-ին: Օրվա ընտրությունը պատահական չէ: 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերով, վերադարձել է հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում է ժողովուրդը դիմավորել` Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ: Հոկտեմբերի 8-ը նաև Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է:

Այս տարի Էջմիածնի տոնին հետաքրքիր միջոցառումների շարք է նախատեսված: Կլինի շքերթ` պատմական կերպարներով և հեքիաթի հերոսներով, կլինեն հրապարակային բեմադրություններ, թե ինչպես է Վաղարշ արքան հիմնադրում Վաղարշապատ քաղաքը, նաև` կբեմականացվի հայ գրերի մուտքը Էջմիածին: Լինելու է հիմնանորոգված Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի բացումը, Լևոն Թոքմաջյանի հեղինակած «Տագնապ» արձանախումբն է բացվելու:

Էջմիածնի տարբեր թաղամասերում հոկտեմբերի 7-9-ը համերգային ծրագրեր կանցկացվեն, իսկ հոկտեմբերի 8-ի երեկոյան քաղաքի կենտրոնական հրապարակում կտրվի մեծ համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ: