Հայաստանը սփյուռքահայ լուսանկարչի աչքերով (լուսանկարներ, տեսանյութ)

14:48 • 28.09.11

 «Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս, մեր պատկերացմամբ՝ Հայաստան հայրենիքը միշտ էլ գեղեցիկ է եղել, բայց տեսնելն  ուրիշ է....կարող եմ ասել՝ դրախտ է»,–Tert.am–ի հետ զրույցում հայրենիքի մասին իր տպավորություններն այսպես բնութագրեց առաջին անգամ Հայաստան այցելած սիրիահայ երիտասարդ լուսանկարիչ Հովսեփ Խաչատրյանը (Hopig)։

Լուսանկարիչը ծնվել և մեծացել է Սիրիայում։ Ստեղծագրործել սկսել է դեռ դպրոցական տարիներից. «Փոքրիկ լուսանկարչական ապարատ ունեի ու սիրում էի լուսանկարել դասարանցիներիս»,–նշում է լուսանկարիչը և հավելում, որ այսօր արդեն իր սիրած զբաղմունքը մասնագիտություն է դարձել ու «մի բան էլ ավելին»:

«Առանց լուսանկարչական ապարատի փողոցում քայլելը հետաքրքիր չէ»,–ասում է Խաչատրյանը` ընդգծելով, որ միշտ էլ կլինեն դեպքեր, որ հետաքրքիր կլինեն ֆիքսելու, հավերժացնելու համար։

Լուսանկարիչի համար, որն  այս տարվա փետրվարին ցուցադանդես է ունեցել Դամասկոսում, լուսանկարը պետք է լինի ինքատիպ և ճաշակով. «Նկարը պետք է վերարտադրի նկարելու պահին նկարչի ունեցած զգացումները, լինի ինքնատիպ  ու ճաշակով։ Շատ եմ հավանել նկարվելու ժամանակ հայաստանցիների հետևյալ արտահայտությունը՝ «անմահացրու՛», նկարն անմահացնում է տվյալ պահը»։

Զրույցի վերջում Խաչատրյանը հայտնեց, որ նախատեսում է Սիրիայի տարբեր քաղաքներում ցուցահանդես կազմակերպել՝ Հայաստանում արված բազմաթիվ նկարներով։

«Այսօր պետք է Սիրիա վերադառնամ, բայց գնալ չեմ ուզում, ամենուր հայ տեսնելն ու հայերեն լսելն ուրիշ զգացողություն է։Սիրիան էլ իմ հայրենիքն է, բայց Հայաստանն ուրիշ է, անպայման կվերադառնամ և մաղթում եմ, որ յուրաքանչյուր հայ անպայման տեսնի իր հայրենիքը»,–նշեց լուսանկարիչը։