Միակ ունիվերսալ լեզուն, որը հասու է բոլորին, ստեղծագործությունն է. Նինո Կատամաձե (տեսանյութ)
Հայտնի վրացի ջազային երգչուհի Նինո Կատամաձեն պատասխանել է bbcrussian.com–ի ընթերցողների հարցերին։ Երգչուհու հետ զրուցել է գործակալության ռուսական ծառայության թղթակից Իրակլի Իմնաիշվիլին։
- 2008–ի օգոստոսին տեղի ունեցավ ռուս–վրացական պատերազմը, իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի բեմին կայացավ Ձեր նոր ձայնասկավառակի շնորհանդեսը։ Դժվա՞ր էր ելույթ ունենալ ռուս հանդիսատեսի առջև։
– Ես շատ լավ հիշում եմ, թե որքան դժվար էր որոշել՝ դուրս գալ բեմ, թե՝ ոչ։ Մենք հավաքվել էինք մեր տանը, և բոլորն անկեղծորեն արտահայտում էին իրենց կարծիքները, ի վերջո մենք փորձեցինք ուժ գտնել ու մեկնել Ռուսաստան՝ մեր ռուսաստանցի ընկերներին ու գործընկերներին հանդիպելու և տեղի ունեցածի մասին նրանց կարծիքն իմանալու համար։ Մեր կարծիքով՝ 21–րդ դարում պատերազմներ չպետք է լինեն, ուստի ուզում էինք համախոհներ գտնել Ռուսաստանում. մեզ դա հաջողվեց, բայց հեշտ չէր։
– Ինչպե՞ս Վրաստանում ընդունեցին Մոսկվայում համերգ տալու Ձեր որոշմանը։
– Գտնվեցին մարդիկ, որոնք ըմբռնումով չմոտեցան իմ որոշմանը։ Շատ լարված իրավիճակ էր։ Որդիս երեք ամսեկան էր, երբ սկսվեց պատերազմը։ Մինչև հիմա հիշում եմ ռուսական ռազմական օդանավերի ձայնը։ Ամուսինս բժիշկ է, և ամեն անգամ երբ հնչում էր նրա հեռախոսի զանգը, ինձ թվում էր՝ նրան պատերազմի են կանչում։
Մենք պետք է անենք հնարավորինս, որ այդ վերքերը բուժվեն, և պետք է փորձենք վերականգնել հարաբերությունները։ Ես Ռուսաստանում ամեն տարի հազարավոր մարդկանց եմ հանդիպում, նրանք ինձ հետ համակարծիք են։
- Հնարավո՞ր է արդյոք ժողովրդական դիվանագիտության և մշակույթի միջոցով վերականգնել ռուս–վրացական բարեկամությունը։
- Միակ ունիվերսալ լեզուն, որը հասու է բոլորին, որը թարգմանելու կարիք չունի, ստեղծագործությունն է։ Այն հասկանում և ընդունում է ամեն ոք, այն օգնում է մերձենալ։
– Դուք միայն վրացերեն եք երգում, և դահլիճում գտնվող մարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչի մասին է երգը։ Այդ դեպքում ինչու՞ են գալիս Ձեր համերգներին։
– Ես իմ լեզվով եմ զգում աշխարհը, և այդ զգացումները փոխանցելու համար ինձ այդ հնչյունային համակարգն է հարկավոր։ Ես չեմ կարող զգացումները թարգմանել այլ լեզվի և հետո երգել. դա սարսափելի կհնչեր։
Համերգների ժամանակ հանդիսատեսի հետ շփումը զգացումների միջոցով է իրականանում, և պարտադիր չէ իմանալ լեզուն հասկանալու համար, թե ինչի մասին է երգը։ Համերգներից հետո ինձ հաճախ մոտենում են մարդիկ և ասում, որ հասկանում են՝ ինչի մասին եմ երգում, պատմում են իրենց զգացածը, իսկ ոմանք նույնիսկ թարգմանում են մեր տեքստերը։
Ես չեմ սիրում խոսել իմ մասին, մենք խոսում ենք երաժշտության մասին։ Համերգների ժամանակ երաժշտությունն ինձ լիովին կլանում է, և այդ պահին ես ֆիզիկապես դադարում եմ գոյություն ունենալ։ Երաժշտության մեջ կարևորը անկեղծությունն է, զգացմունքայնությունը։










