Հայագիտական սեմինարները հայ երիտասարդներին ցույց կտան իրենց արմատները

19:09 • 28.09.11

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց հայագիտական սեմինարների շարքը։ Առաջին սեմինարը նվիրված էր Հայաստանում հնագույն մեգալիթյան կառույցներին: «Մենք» խորագրով սեմինարներն այսուհետև ամեն երկու շաբաթը մեկ կանդրադառանան Հայաստանի տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային արժեքներին:

«Ծրագրի մտահղացումը երիտասարդ բազեականներինն էր: Տարբեր տեղեր արշավների գնալու ժամանակ նրանք հետաքրքրվում էին տեղանքով, մենք էլ որոշեցինք կազմակերպել նման սեմինարներ ու հնարավորինս շատ երիտասարդների իրազեկ դարձնել մեր հայրենիքի գաղտնիքներին»,- այսօր tert.am-ի հետ զրույցում ասաց «Բազե ակումբ» ծրագրի ղեկավար Սամվել Մերթարջյանը:

Հայագիտական սեմինարների շարքը նպատակ ունի հայ երիտասարդներին ծանոթացնել ազգային մշակույթին, պատմությանը և վերարժևորել հայկական ավանդույթները: Այսօրվա բանախոս Կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը, որ երկար տարիներ զբաղվում է Սյունիքի մարզի Քարահունջ պատմամշկութային կոթողի ուսումնասիրությամբ, կարևորելով նմատատիպ միջոցառումները, նշեց, որ սա ինքնարժևորման ծրագիր է, որը թույլ կտա հայ երիտասարդներին տեսնելու իրենց արմատները ու չկասկածելու, որ ապագան ավելի պայծառ է լինելու: