Ազնավուրը և մյուս հայտնիները երգեցին Հայաստանի համար

12:52 • 29.09.11

Սեպտեմբերի 28–ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին։ Ինչպես Ֆրանսիայից հաղորդում է անկախ լրագրող Ժան Էքյանը, համերգին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև հայ և  ֆրանսիացի այլ պաշտոնատար անձինք։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկու նախագահներին, քանի որ նրանց ներկայությունը մեծ նշանակություն ունի մեր պայքարում»,– նախագահներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Շառլ Ազնավուրը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել հայ և ֆրանսիացի արտիստներ,այդ թվում՝ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը,  երգիչ Պատրիկ Ֆիորին, երգչուհի  Հելեն Սեգարան, կատակերգու դերասան Միշել Լիբը և նմանակող Լորան Գերան, ջազմեն Անդրե Մանուկյանը, ինչպես նաև Սեդա Ազնավուրը: Համերգից ստացված հասույթը պետք է փոխանցվի «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիային:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով Փարիզ էր ժամանել։