Ռումինիայում ՀՀ անկախության 20-ամյակի համերգին ելույթ են ունեցել Բարսեղ Թումանյանը, Հարրի Դավիդյանն ու Լուսինե Խաչատրյանը

18:38 • 29.09.11

Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման (Atheneul Roman) ֆիլհարմոնիկ սրահում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել մեծ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության և հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոներին: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, լեփ-լեցուն դահլիճում ելույթ են ունեցել օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ինչպես նաև ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

Երեկոյին Բարսեղ Թումանյանի կատարմամբ հնչել են եվրոպացի և ռուս կոմպոզիտորների հանրահայտ օպերային արիաներ, ինչպես նաև Կոմիտասի «Հայաստանը» և Տիգրան Չուխաջյանի «Արշակի արիան»: Երիտասարդ դաշնակարուհի Լուսինե Խաչատրյանը կատարել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», «Դաշնամուրային պատկերները» և Էդվարդ Միրզոյանի «Պոեմը»: Հայկական ավանդական և հոգևոր երաժշտության թեմաների վարպետ մեկնաբանություններով երեկոն փակել է հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը: