Դիվանագետը պիտի լինի պրոֆեսիոնալ սուտասան. Վարդան Պետրոսյանը քաղաքականություն մտնել չի կարող
Եթե արվեստի բնագավառից մարդիկ մտնեն քաղաքականություն, այն ոչ թե կշահի, այլ՝ մեծապես կտուժի։ Այս մասին այսօր խոսեց երգիչ, դերասան, սցենարիստ՝ արտիստ Վարդան Պետրոսյանը՝ Հ1-ի «Բարև, մենք ենք» ծրագրի հյուրասրահում։ Անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե մեր քաղաքականությունը կշահի, եթե արվեստի ազնիվ գործիչները մտնեն այս ոլորտ՝ նա ասաց. «Նախ, արվեստի և դիվանագիտության խնդիրները շատ տարբեր են. եթե արվեստում գործիքը ճշմարտախոսությունն է՝ արվեստը չի կարող ստել, դիվանագիտության և քաղաքակության գլխավոր զենքը ստախոսությունն է։ եթե դիվանագետը ճշմարտախոս է, նրան մյուս օրը գործից կհանեն. նա պիտի լինի պրոֆեսիոնալ սուտասան։ Ես չեմ հնարել, սրանք խաղի օրենքներն են։ Եթե մենք մեր ճշմարտախոսությամբ մտնենք ստախոսության դաշտը, կտապալենք ամբողջ գործը։ Տեղից էլ ծանր վիճակ է։ Էդ նույնն է, որ թատրոն բերենք էն դիվանագետներին, որ ամբիոններից լավ խաղում են, նրանք բեմում կդառնան փոքրիկ ճնճղուկներ»,- ասաց նա՝ հորդորելով չփորձել խառնել այդ անհամատեղելի ոլորտները։
«Իսկ ո՞վ ասաց, որ ես պատգամավոր չեմ, ես պատգամավոր եմ, ես խոսնակն եմ հազարավոր մարդկանց՝ նրանց տխրության ու ուրախության արտահայտիչն եմ, կարծես բարոմետրը լինեմ նաև»,- ասաց սիրված դերասանը։
Վարդան Պետրոսյանը հավաստեց, որ մտավորականն ազգի այն խավն է, որ երբեք չպիտի հուսահատվի, և անդադար պայքարից չպիտի հոգնի։ Նա պատմեց, որ տարիներ առաջ խաղում էր ներկայացում երեք տիկնիկի հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր հասարակության մի շերտ. մեկը կերած-խմած օլիգարխ-գամփռն էր, որ ներկայացման վերջում իր փողերով փախչում է Շվեյցարիա, երկրորդը՝ հասարակ մարդ՝ աշխարհի հոգսի տակ կքած, ազնիվ, խեղճուկրակ, երրորդը՝ մտավորական, որ մաքառումներից հոգնած, ներկայացման վերջում ինքնասպան էր լինում. վերջինի հետ նույնանում էր ինքը։
Մի օր ընկերներից մեկն իրեն խնդրել էր, որ վերջում ինքնասպան չլինի, դյուրազգաց մարդիկ երկար ժամանակ այդ տպավորության ներքո վատ են զգում, և ինքն իր հետ վիճում էր, թե՝ արդյոք թատրոնի դերը հենց այն չէ, որ այդքան ուժեղ ազդի մարդու վրա։ Հաջորդ ներկայացման ժամանակ «մտավորական» տիկնիկն իր փայտե կախաղանի վրայից ընկնում է՝ փայտը, մեխը, թելը՝ ամեն բան նորմալ էր, բայց տիկնիկն ընկնում է։ «Եվ ես ներկայացման վերջը խաղացի հենց էդպես՝ տինիկը տեղից չկախեցի։ Ասացի՝ ժողովուրդ ջան, ժամանակին, որ մարդուն կախաղան էին հանում, բայց պարանը կտրվում-ընկնում էր, ասում էին՝ Աստված էս մարդու մահը չի ուզում, ու ներում էին։ Դուք ներկա էիք, էստեղ մի խորհրդավոր բան կատարվեց, ուրեմն՝ Աստված չուզեց, որ էս տիկնիկը, այսինքն՝ մեր մտավորական շերտը, ինքնասպան լինի։ Օլգարխը գնաց Շվեյցարիա, Աստված իրա հետ։ ժողովուրդը պառկեց-քնեց՝ երազներով, երազների մեջ ապրող ժողովուրդ։ Բայց մտավորակա´ն, դո´ւ, իրավունք չունես քնելու։ Սա ինձ տվեց հզորագույն պաշար. դրանից հետո ես զինվորագրվեցի, ես ինձ խոսք տվեցի, որ երբեք (խոսքը ֆիզիկապես սպանելու մասին չէ), ինքս ինձ չեմ սպանի, մինչև վերջին վայրկյանը ես չեմ հանձնվի»:










