3D ներկայացում, իրերի թատրոն, երաժշտական ու պարային ներկայացումներ. մեկնարկում է «Հայ Ֆեստ-2011»-ը

15:37 • 01.10.11

«Տես թատրոն, Լսիր թատրոն, Խոսիր թատրոնից» կարգախոսով այսօր ժամը 20-ին մեկնարկում է «Հայ Ֆեստ» թատերական փառատոնը: Հանդիսավոր բացման արարաողությանը կհաջորդի հունգարական «Փի-Ար Էվոլուշն» պարային խմբի «Կապույտ մարդիկ» ներկայացումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացման խորեոգրաֆ Զոֆիա Նեմեսը նշեց, որ իրենք շատ փառատոների են մասնակցել, սակայն «Հայ ֆեստը», նրա խոսքերով, հիասքանչ, զմայլելի և չնաշխարհիկ փառատոն է:

«Այս ներկայացումը տղամարդկանց հոգեկան աշխարհի մասին է: Մենք սովոր ենք տղամարդուն պատկերացնել որպես ուժեղ և ամեն ինչի դիմադրող, սակայն մեր ներկայացման ժամանակ փորձել ենք մի քիչ այլ տեսանկյունից դիտարկել տղամարդուն»,- ասաց նա:

«Հայ Ֆեստ -2011»-ին կմասնակցի 30-ից ավելի թատերախումբ 18 երկրից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Իրանից, Հնդկաստանից:

Փառատոնի այս տարվա անակնկալը «Մենության տանգո» եռաչափ գրաֆիկայով նկարահանված մոնոներկայացումն է: Ութ րոպեանոց ներկայացման յուրաքանչյուր սեանսին հանդիսատեսը կհետևի 3D ֆորմատի ակնոցով:

Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայանան այնպիսի հեղինակավոր թատրոններ, ինչպիսիք են բուլղարական «Կրեդո»-ն և բրիտանական «Մերկուրի»-ն: Յոթ օրվա ընթացքում թատերասերները հնարավորություն կունենան դիտել իրերի թատրոն, երաժշտական ու պարային ժանրի ներկայացումներ, ինչպես նաև մանկական և տիկնիկային ներկայացումներ:

Փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի խոսքով՝ ներկայացումներն ընտրելիս իրենք չեն առաջնորդվել սենսացիոն ներկայացումներ բերելու և հնարավորինս մեծ թվով հանդիսատես շահելու սկզբունքով: «Մեզ համար կարևոր է հայաստանյան բեմերում ցուցադրել որակյալ արտասահմանյան ներկայացումներ և ապահովել հայ հանդիսատեսի շփումը իրական արվեստի հետ: Մենք մեր հնարավորության սահմաններում, ինչքան որ թույլ է տալիս մեր ունեցած բյուջեն, բերում ենք հեղինակավոր թատերախմբերի»,- ասաց նա:

Փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև անցկացնել վարպետության դասընթացներ արտասահմանից եկած հյուրերի մասնակցությամբ և երեկույթներ «Մեցցո» ակումբում: