Ջիգարխանյանը 76-ամյակը նշում է նոր բեմադրությունով (տեսանյութ)
Հոկտեմբերի 3-ին ծննդյան 76-ամյակն է նշում ԽՍՀՄ վատսակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Ծննդյան տարեդարձի նախօրեին նա թատրոնում հանդիպել է ՌԻԱ «Նովոստիի» նկարահանող խմբի հետ և պատմել, որ արտառոց հանդիսություն այդ առիթով չի նախատեսում:
«Այս օրն ինձ համար իմ ներքին խնդիրն է: Այն ուրախության և տխրության առիթ է, քանի որ տարիքս արդեն շատ մեծ է»,- ասել է նա:
Ջիգարխանյանի խոսքով` ինքն աշխատում է, նոր բեմադրություն է փորձում երիտասարդ դերասանների հետ: «Ուզում եմ, որ իմ բեմադրության պրեմիերային հոկտեմբերին հանդիսատեսը գա ու գնահատի իմ աշխատանքը: Չէ որ ես տասը տարի թատրոնում չեմ, աշխատել, իսկ հիմա որոշել եմ վերադառնալ:
Արմեն Ջիգարխանյանը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաշատ նկարահանվող ռուս դերասան. նա ավելի քան 300 դեր ունի կինոյում: Այնուամենայնիվ, Ջիգարխանյանը կարծում է, որ իր լավագույն դերը դեռ չի խաղացել:
Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. Երևանում: 1953թ. դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա` ընդունվելու Թատերական արվեստի պետական ինստիտուտ, սակայն նրան չեն ընդունել ընդգծված ակցենտի համար: Անհաջող փորձից հետո նա վերադառնում է Երևան և մեկ տարի լուսավորող աշխատում «Արմենֆիլմում»: 1954թ. ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1969թ. նրան հրավիրում են աշխատելու Մայակովսկու թատրոնում: Ջիգարխանյանը խաղում է նաև «Լենկոմում»:
90-ականներին Ջիգարխանյանը ստեղծում է սեփական թատերախումբը:










