Դոկտոր մահը նաև նկարիչ էր. նրա կտավները հանվում են աճուրդի

16:13 • 03.10.11

Որպես «Դոկտոր մահ» հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանի հեղինակած կտավները, ձեռագիր գրությունները և անձնական իրերը հոկտեմբերի վերջին Նյու Յորքում հանվելու են աճուրդի: Այդ մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ,  անցած շաբաթավերջին հայտնել են այս տարվա հունիսին մահացած բժշկի փաստաբանը և մտերիմ բարեկամը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գևորգյանի կտավների մեծ մասը վերաբերում է մահվանը։ Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» և պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են երկու զինվորներ` համապատասխանաբար, Առաջին աշխարհամարտի տարիների թուրքական զինվորական համազգեստով և Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական զինվորական համազգեստով։

Փաստաբան Մեյեր Մորգանրոթի փոխանցմամբ` այդ կտավով Գևորգյանը ցանկացել է պատկերել երկու պատերազմների ժամանակ հայերի և հրեաների կոտորածները։

Փաստաբանը հայտնել է, որ աճուրդի հասույթի մեծ մասն ուղղվելու է Գևորգյանի միակ ժառանգին` մի զարմուհու, և քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական մի կազմակերպության։

«Դոկտոր մահը» օգնել է կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդների:

Ամերիկահայ բժիշկը 1998թ.  անբուժելի հիվանդ Թոմաս Յուկի «երկրորդ աստիճանի սպանության» մեղադրանքով դատապարտվել էր 10-25 տարվա ազատազրկման, սակայն բանտում 8.5 տարի մնալուց հետո ազատ էր արձակվել` առողջական վիճակի պատճառով:

Ջեք Գևորգյանը մահացել է 83 տարեկանում։