Մեկնարկում է Վերադարձի դասական երաժշտության 5-րդ փառատոնը

14:46 • 03.10.11

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը կմեկնարկի «Վերադարձի դասական երաժշտության» հինգերորդ փառատոնը: Փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրակարգ դասական երաժշտություն՝ հայազգի և օտարերկրյա աշխարհահռչակ կատարողների մասնակցությամբ:

«Մեր փառատոնի առաքելությունը մենք համարում ենք ոչ թե հայտնի դեմքերին Հայաստան հրավիրելը, այլ նոր ոչ պակաս տաղանդավոր դեմքեր գտնելն ու մեր հանդիսատեսին ներկայացնելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչ Մարիամ Շահինյանը: Նա նշեց, որ փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները, և եթե առաջին տարիներին իրենք էին փնտրում և գտնում տաղանդավոր դեմքերի, ապա հիմա իրենց են դիմում և համագործակցություն առաջարկում:

Հինգերորդ «Վերադարձի դասական երաժշտության» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունն ու տոնական շքեղ համերգը տեղի կունենան վաղը, ժամը 19.00-ին: Ծրագրում կհնչեն Շոպենի և Չայկովսկու ստեղծագործությունները Աշոտ Խաչատուրյանի և Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ: Փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև վարպետության դասընթացներ ու մենահամերգներ: