Մեկնարկել է Gaudeamus ուսանողական կինոփառատոնը
Մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը: Այս նոր նախագծի շրջանակում բուհերում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին և, մասնավորապես, երիտասասարդությանը: Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անցկացվում է հուլիսին՝ համընկնելով ուսանողների ամառային արձակուրդների հետ: Արդյունքում` նրանք զրկվում են փառատոնում ներկայացված ֆիլմերին ծանոթանալու հնարավորությունից:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու «Ոսկե ծիրան»-ը բարձր են գնահատում անհատի, և ընդհանուր առմամբ` ազգի ձևավորման գործում գեղագիտական և մշակութային կրթության կարևորությունը: Gaudeamus ուսանողական կինոփառատոնը կնպաստի բուհերում գործնական գիտելիքների և գեղագիտական կրթության համադրմանը: Հարցն այսօր առավել քան արդիական է այն պարզ պատճառով, որ, ակադեմիական կրթական համակարգի հիմնական թիրախը դարձել է գործնական գիտելիք և մասնագիտական հմտություններ ստանալը, իսկ հաղորդակցումը մշակութային արժեքներին, ցավոք, աստիճանաբար սկսել է ստորադասվել պրակտիկ գիտելիքներ ստանալու ցանկությանը:
«Gaudeamus կինոփառատոնը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հաղորդակցվել արվեստի ազնվագույն ճյուղերից մեկին` կինեմատոգրաֆին: Ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ, մեր համոզմամբ` ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը. այդպիսին պետք է լինի լայն մտահորիզոն, պատասխանատվություն, հստակ քաղաքացիական գիտակցություն ունեցող, գեղեցիկին և հավերժին ձգտող անհատ լինելու ամենակարևոր նախապայմանը: Հետևաբար` բարձրագույն կրթության և մշակույթի համադրումն առաջնահերթություն է»,-ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ոսկե ծիրան»-ը համագործակցում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ: Արդեն լավ ավանդույթ է դարձել, որ համալսարանի ուսանողներից ոմանք իրենց ուսումնական պրակտիկան կազմակերպեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացիկ աշխատանքների ժամանակ: Բացի այդ` օտար լեզուների իմացությամբ շատ ուսանողներ կամավորության սկզբունքով աջակցում են բուն փառատոնի աշխատանքներին: Ֆիլմերի ցուցադրությունները բուհերում նախատեսվում է շաբաթական մեկ անգամ` սկսած 2011թ-ի հոկտեմբերի 3-ից մինչև ուսումնական տարվա վերջը:
Նախագծում ներգրավված է 4 բուհ: Հանրահայտ ռեժիսորների աշխատանքներն ուսանողներին են ներկայացվելու շարժական կինոտեխնիկայի միջոցով: Քանի որ համալսարանում շեշտը դրված է օտար լեզուների խորացված ուսուցման վրա, կազմակերպիչները նախատեսում են նաև չթարգմանված ֆիլմերի ցուցադրություններ, վստահ լինելով, որ այն առավել կխթանի տարբեր օտար լեզուների իմացության խորացմանը:










