Ձերբակալություններ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի առնչությամբ

11:22 • 03.10.11

Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցությամբ Իրանի անվտանգության ուժերը Սպահանում, ըստ տարբեր ոչ պաշտոնական տեղեկությունների, 2-5 հայի են ձերբակալել:

Առայժմ տեղեկություն չկա՝ արդյո՞ք այս կապակցությամբ դիմում կատարվել է Ինտերպոլին՝ թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու համար: Անհայտ է նաև, թե արդյո՞ք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմել է, թե ոչ:

Ինչպես հայտնում է Թեհրանի հայկական «Արաքս» շաբաթաթերթը, Նոր Ջուղայում տարածված լուրերի համաձայն՝ ձերբակալվածները հինգն են, իսկ ավելի հավաստի աղբյուրները խոսում են միայն երկուսի մասին, որոնցից մեկը կին է: Ըստ նույն աղբյուրի՝ կասկածյալները մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլար) գրավով ազատ են արձակվել:

Դեռևս հայտնի չէ՝ կողոպտված թանգարանային իրերը որտեղ են, կամ գտնվել են արդյոք, թե ոչ: Նշվում է միայն, որ, ըստ երևույթին, սրբապատկերները երկրից դուրս չեն բերվել, իսկ Լոնդոնում ըստ դրանց լուսանկարների են հետաքրքրվել «ավարի» արժեքով: