Հայ ժամանակակից արվեստն առաջին անգամ կներկայացվի Լուվրի թանգարանում

13:11 • 03.10.11

Լիբանանի հայկական Noahs Ark Gallery–ն (Նոյյան Տապան ցուցասրահ) Լուվրի թանգարանից հրավեր է ստացել՝ մասնակցելու հոկտեմբերի 21-25 –ը կայանալիք Փարիզի «Քարյուսել դյու Լուվր» միջազգային ցուցահանդեսին։

Լիբանանահայ գեղանկարիչ արվեստագետ Մովսես Հերկելյանն (Նոյյան Տապան ցուցասրահի տնօրենը) հրավերը ստացել էր դեռևս մայիսին, երբ ցուցասրահը Մոնակոյում կազմակերպված կերպարվեստի միջազգային փառատոնի (monacօ 11) էր մասնակցում։

Փարիզի «Քարյուսել դյու Լուվր» միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու են սյուրռեալիզմի հետևորդների՝ Վահրամ Դավթյանի, Ռուբեն Աբովյանի և Դավիթ Դավթյանի վերջին ստեղծագործությունները։

Նշենք, որ տաս տարուց ավելի է, ինչ Հերկելյանն աշխարհի ամենանշանավոր ցուցահանդեսներում ներկայացնում է հայկական ժամանակակից կերպարվեստը։

Noahs Ark Gallery–ի առջև միջազգային նշանավոր ցուցահանդեսների դռները բացվեցին 2000թ., երբ Ժնևում Noahs Ark Gallery–ն  մասնակցեց միջազգային մի մեծ ցուցահանդեսի։ Այդ ցուցահանդեսի ժամանակ ընտրվեցին աշխարհի լավագույն քառասուն գեղանկարիչները, որոնց շարքում ընդգրկվեց նաև Հերկելյանի ներկայացրած կտավներից մեկի հեղինակը` Վահրամ Դավթյանը: 

Մովսես Հերկելյանը 25 միջազգային ցուցահանդեսի է մասնակցել, նա մի շարք գրքերի հեղինակ է, Լիբանանում Հայաստանի դեսպանատան արվեստի և ձևավորման գծով խորհրդական, Համաարաբական լրագրողների միության և Համալիբանանյան լրագրողների  միության անդամ: