Մշակույթի ոլորտի ծախսերը նվազում են. Լարիսա Ալավերդյանը քննադատեց բյուջեն
«Բյուջեն որպես օրենք ամենաիներցիոն բնույթի օրենքն է: Հստակեցնենք, որ այս բյուջեն շարունակում է այն բոլոր ավանդույթները, որոնք քննադատվել են շուրջ 12 տարի, այնինչ մենք սպասում էինք հռչակագրային բնույթի նորություններ։ Քննադատությունը հնչում է այս օրենքի՝ որպես քաղաքական օրենքի վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նրա համոզմամբ՝ բազմաթիվ անգամ քննադատվել է եկամուտների մասը, շատ կարևոր է եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը. զարգացման միտում չի երևում: Ծախսերի մասով նույնպես չի նկատվում փոփոխություն. Հայաստանը հռչակվել է 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, այնինչ 2012-ի բյուջեով նվազել են գրադարաններին տրվող հատկացումները։ Նվազել են նաև թանգարանների հատկացումները։ Փաստորեն, ըոտ պատգամավորի, հռչակվում է մի բան, բայց նախատեսվում այլ բան:
«Արվեստին ուղղված հատկացումներն են ավելացել, փառք Տիրոջը, բայց դա էլ՝ կապված տոների, հոբելյանների հետ։ Այստեղ կա վտանգ, մեծ մշակույթ ունեցող ժողովուրդը հոգևորի վրա ծախսերը նվազեցնում է»,- ասաց Ալավերդյանը՝ տարակուսելով. «Ինչու է այս բյուջեն կոչվում հետճգնաժամային, երբ համաշխարհային հանրությունը խոսում է ճգնաժամի նոր ալիքի մասին»:










