Ես փնտրում եմ կորած մարդուն և չկորածներին` հատկապես. Տիգրան Պասկևիչյան
Մեծ հայրենադարձության www.hayrenadardz.org վեբ-կայքի շնորհանդեսի ժամանակ կայքի խմբագիր Տիգրան Պասկևիչյանը տեղեկացրեց, որ արխիվային բնույթի կայքին մեծապես օժանդակում են Երևանում Արևելագիտության ինստիտուտն ու Պետական արխիվը: «Կփորձենք փնտրել-գտնել այլ արխիվներ, օրինակ՝ ֆոտո և կինոարխիվներ, հրապարակված գրքեր և այլն»,- ասաց վեբ-կայքի հեղինակը: Մինչև դեկտեմբերի վերջ պատրաստ կլինի 80-90 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ հայրենադարձության մասին, որը նույնպես կտեղադրվի կայքում:
«Այնտեղ, ուր մեր ոտքը չի հասնի, մենք նկարահանումներ կանենք skype ծրագրի միջոցով: Ցավոք, մի խնդիր կա, որ այն մարդիկ-ականատեսները կամ ժամանակակիցների զավակները, ովքեր մեզ կարող են տեղեկություններ տրամադրել, կամ շատ ծեր են, կամ ցավոք չկան, կամ էլ հրաժարվում են հարցազրույց տալ»,- ասում է Տիգրան Պասկևիչյանը։- Իմ նպատակն էր վեր հանել այն խնդիրը, թե ինչո՞ւ այդ մարդիկ եկան, ինչու՞ գնացին, հնարավո՞ր է, որ նորից հայրենադարձվեն, ի՞նչ հակասություն է առհասարակ ընկած մարդու և հայրենիքի, մարդու և հասարակարգի միջև, մարդու և պետության միջև, որովհետև այսօր հաճախ արտագաղթի թեման շատ գռեհկացվում է այն պահով, որ այդ մարդիկ հաց չունեն ուտելու, դրա համար թողնում-գնում են: Ես բազմաթիվ մարդկանց գիտեմ, որ քաղցի պատճառով չէ, որ գնացել են, մարդ կա՝ ասում է. «Ես չգիտեմ՝ ինչու գնացի», բայց երբ զրույցը բացվում է, պարզվում է, որ այնուամենայնիվ նա ինչ-որ բանից նեղացած է եղել:
Պասկևիչյանը մեջբերեց նաև կայքի խմբագրականից մի հատված. «Բոլորը գնում էին, և կարևոր չէր գնալը պատճառաբանել-հիմնավորելը, ինչպես պատճառաբանված ու հիմնավորված չէր եղել գալը: Եթե ընդունենք, որ մարդը լավ կյանքի ձգտելով է տեղից-տեղ գնում, պարզ կդառնա, որ գալն էլ, գնալն էլ արկածախնդրություն է: Գալիս է հայրենիք, անարդարության, անիրավության, բռնության, մի խոսքով` ամեն տեսակ անհարմարության մեջ է կորչում: Գնում է հայրենիքից` օտարությունն է կլանում. երկու դեպքում էլ մարդը կորչում է:
Ես փնտրում եմ կորած մարդուն և չկորածներին` հատկապես: Ես փնտրում եմ նրան, ով պատասխաններ ունի, բայց պատասխաններ ունեցողից առավել, հարցերի քանակից ու տարողությունից շփոթված` մարդուն եմ փնտրում: Եվ գուցե հենց ինձ եմ փնտրում հազարավոր կենսագրությունների մեջ` հաստատ իմանալով, որ ճշմարտությունն այլուր է»:










