Գուցե իմ կատարմամբ Հայաստանի մասին կիթառով մի գեղեցիկ երգ հայտնվի ինտերնետում. Էլոդի Ֆրեժե
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլոդի Ֆրեժեն այսօր, ժամը 20-ին Ֆրանսիայի կողմից կշնորհավորի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը:
«Ես եկել եմ այստեղ որպես երեխա, որ ցանկանում է նոր խաղալիք գտնել կամ նոր խաղալու վայր: Ես հպարտ եմ, որ մասնակցում եմ նման մեծածավալ միջոցառման ու միաժամանակ շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ Ֆրանսիան եմ ներկայացնում: Երբ ինձ ասացին, որ քսանամյակի առիթով եմ գալիս, որոշեցի, որ շատ հայտնի երգեր պիտի երգեմ: Այսօրվա համերգային ծրագրում անպայման կհնչեն երգեր իմ ամենասիրած երգչի` Շառլ Ազնավուրի երգացանկից, ինչպես նաև իմ վերջին ալբոմի ամենահայտնի կատարումները»,- համերգին նախորդող ճեպազրույցի ժամանակ պատմեց երգչուհին:
Լրագրողների հարցին, թե կարո՞ղ է արդյոք նրա հայաստանյան այցը մեր երկրի մասին նոր երգ գրելու առիթ դառնալ, երգչուհին պատասխանեց, որ չի բացառում նման հնարավորությունը, քանի որ երգի ծնունդը իր համար էլ միշտ անկնկալ է լինում: «Գուցե մի քանի շաբաթից իմ կատարմամբ Հայաստանի մասին կիթառով մի գեղեցիկ երգ հայտնվի ինտերնետում: Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, բայց Հայաստանը իրոք ինձ վրա մեծ տպավորություն է թողել»,- ասաց նա: Հրաժեշտից առաջ երգչուհին ասաց նաև, որ նախատեսում է ապրիլին ավելի երկար ժամանակով գալ Հայաստան ու հանդես գալ համերգային ծրագրերով:
Համերգային ծրագիրը կնախորդի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցին և կներառվի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի գլխավոր տոնակատարությունների ծրագրում: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայանալիք բացօթյա համերգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Համերգի ընթացքում կհնչեն նաև հայ սիրված երգիչների ֆրանսերեն երգերի կատարումները: Ելույթ կունենան Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը, Էվա Սուջյանը, Էրիկը և ուրիշներ:










